close
Եղանակը Երևանում
6 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ընտրեցին խնդրի լուծման այն տարբերակը, որը վնաս է քաղաքացուն». «Փաստ»

Մամուլի տեսություն

6 Մարտի 2021, 09:01
 «Ընտրեցին խնդրի լուծման այն տարբերակը, որը վնաս է քաղաքացուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ճանապարհները պատերազմական գոտի են հիշեցնում՝ վթարներ, զոհեր ու վիրավորներ: Ով ինչպես ցանկանում, վարում է: Ճանապարհների կահավորման խնդիր, ասֆալտապատման որակ, անկարգապահ վարորդներ, երբեմն նույնքան անկարգապահ ու օրինազանց հետիոտներ: Իսկ ճանապարհային ոստիկանությունը, կարծես, «արձակուրդ է գնացել»: Այս բոլոր խնդիրները փոխկապակցված են մեկը մյուսին: Լուծում չի տրվում մեկ-երկուսին, վերահսկողությունից դուրս է գալիս ճանապարհային երթևեկությունը: Ինչո՞ւ են վթարները, հատկապես մահվան ելքով, շատանում: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ սա վերահսկողության բացակայության հետևանք է:

«Կան ճանապարհային ոստիկաններ, որոնք աշխատում են: Կարող եմ ասել, որ, օրինակ՝ գիշերային ժամերին բազմաթիվ տեղեր կան, երբ ինչ-որ մութ հատվածում կայանված է ճանապարհային ոստիկանության մեքենա: Չգիտեմ, թե ինչու են նման տեղերում կայանում մեքենաները: Թե՛ Երևանում, թե՛ մայրուղիների վրա, կարծես թե, նրանք թաքնվեն: Նման կարծիքներ հնչում են ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, նույնը նկատում ենք նաև մենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը: Նշում է՝ համակարգում վերականգնվել է կաշառքը:

«Բազմաթիվ մարդիկ մեզ ասել են, որ այս կամ այն դրվագում իրենք կաշառք են տվել կամ իրենցից կաշառք են ակնկալել և այլն: Ճիշտ է՝ վերահսկող մարմիններն էլ են որոշակի ձևով աշխատում: Մի քանի ամիսը մեկ կլսենք, որ ինչ-որ մեկին բռնել են կաշառք ստանալիս, բայց, ընդհանուր առմամբ, կաշառքը համակարգում վերականգնվում է, դա էլ գուցե ինչ-որ լրացուցիչ պատճառ է, որ երթևեկության նման խնդիրներ ունենք հիմա»,-ասում է մեր զրուցակիցը: Օրերս էլ տեղեկացանք, որ Ազգային ժողով է ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների ու կից նախագծերի փաթեթը, որով դատարաններ ներկայացվող հայցերի, դիմումների, բողոքների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը կավելանան, սա վերաբերում է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բողոքարկմանը: Կարելի է ենթադրել, որ սա ևս կարող է նպաստել կաշառքով հարցեր լուծելու սովորույթի վերականգնմանը:

«Սա, իհարկե, իր մեջ կոռուպցիոն ռիսկ ունի: Քաշքշուկներից խուսափելու համար վարորդներից շատերը պատրաստ են տեղում «վճարել», ավտոտեսուչն էլ պատրաստ կլինի ընդառաջել վարորդին»,-ընդգծում է ՀԿ-ի փոխնախագահը: Ճանապարհային երթևեկության ճիշտ կազմակերպման կարևոր նախապայմաններից են որակյալ ճանապարհները և դրանց ճիշտ կահավորումը: Այս երկուսի առումով էլ մեր երկրում մշտապես եղել են խնդիրներ: Արդյո՞ք անցնող երեք տարում դրանք լուծելու փորձեր արվել են: Պեդանյանը նշում է՝ այս հարցին միանշանակ պատասխանելը բարդ է:

«Մի կողմից՝ բազմաթիվ ճանապարհներ են վերանորոգվել, հատկապես միջմարզայինները, բայց մյուս կողմից էլ՝ կան ճանապարհներ, որ այնքան վատ են վերանորոգվել, որ մի քանի ամիս հետո արդեն քանդված են: Օրինակ՝ Երևանի ճանապարհների մեծ մասը շատ վատ են վերանորոգել, և զարմանում եմ, թե ինչու են նման որակի ճանապարհներն ընդունել կապալառուներից: Օրինակ բերեմ: Այսօր Թբիլիսյան խճուղում պետք է երթևեկել մաքսիմալ դանդաղ և հաշվի առնել, որ ամեն վայրկյան կարող եք վնասել մեքենան փոսերի պատճառով:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն այդ փողոցի վրա ինչ-որ աշխատանքներ կատարեց, մեծ փոսեր էին փորվել, հետո դրանք այնպես լցրեցին, որ հիմա տպավորություն է, թե բլուրների վրայով եք մեքենան վարում: Ստացվում է, որ գործ շատ է արվում, բայց որակի մասով այն չէ: Նույնը ճանապարհների կահավորման դեպքում: Այո, աշխատանքներ արվել են, բայց կահավորման մակարդակը շատ տխուր վիճակում է: Երթևեկության նշանների բազմաթիվ փոփոխություններ են արվել, ճանապարհների վրայի նշագրումներն են փոխվել: Փոխանակ ջնջեն, ասֆալտի վրայից մաքրեն հին գծանշումները, դրանք ջնջում են ինչ-որ ներկի օգնությամբ, որը հեռվից նայելիս փայլում է, վարորդներին մոլորեցնում, հետո այդ ներկը մաքրվում է, երկու նշանն էլ մնում է ասֆալտի վրա:

Հենց հիմա Կոմիտասի պողոտայում, Տերյան փողոցի վրա (և ոչ միայն) նման նշաններ կան: Դրանք մարդկանց մոլորեցնում են, հետո էլ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է: Տեղադրվել են բազմաթիվ լուսացույցեր, շատերը՝ ոչ տեսանելի վայրերում: Նույն խնդիրը կա նաև ճանապարհային նշանների հետ կապված, որը լուծում չի ստանում»,-նշում է մեր զրուցակիցը: Ճանապարհային երթևեկության կարգավորմանն էր ուղղված նաև բալային համակարգի ներդրումը: Արդյո՞ք այն իրեն արդարացրեց, թե՞ կարգապահ վարորդը շարունակեց հետևել երթևեկության կանոններին, իսկ ոչ կարգապահը՝ խախտել դրանք:

«Բալային համակարգը ներդնելուց պետությունը պետք է այնպես մշակեր այն և դրա բաղկացուցիչ մասերը, որ հետագայում խնդիրներ չառաջանային: Կարծում եմ՝ պետական տուրքերի բարձրացման պատճառներից մեկը բալային համակարգի թերություններն են: Ո՞րն է բալային համակարգի նպատակը՝ անկարգապահ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից: Ի՞նչ ունենք հիմա: Տարվա վերջում, երբ բալերը պետք է վերջանան, վարորդները փաստաբան են վարձում, որը 2-3 ամիս ձգձգում է գործը: Պետությանը թվում է, որ տուրքը բարձրացնելով՝ վարորդներին կստիպեն այդ քայլին չգնալ, բայց դա այս խնդիրները չի վերացնելու:

Վարորդական վկայականից չզրկվելու համար վարորդը պատրաստ կլինի մի քիչ փող տալ: Ասում են՝ դատավորները գերզբաղված են, լուրջ գործերը թողած՝ հինգ հազար դրամանոց ակտերի բողոքարկման գործերով են զբաղվում: Բայց այս հարցի լուծումը բողոքարկման համակարգն անհասանելի դարձնելը չէ: Սա առնվազն ոտնձգություն է սեփական քաղաքացու նկատմամբ: Սրա լուծումը պետք է լիներ նախ՝ վերադաս մարմնի կողմից վիճարկվող ակտերի պրոցեսի վերանայումը, որպեսզի այն ավելի անաչառ լիներ, հետո նոր բարեփոխումներ անեին դատական համակարգում, օրինակ՝ փոխվեր գործերի քննման ընթացակարգը և այլն:

Այսինքն՝ կարելի էր լուրջ մեխանիզմ ներդնել, որ այդ խնդիրը չլիներ, բայց իրենք ընտրեցին միակը, որը վնաս է քաղաքացուն: Կարծում եմ, որ այդ մարդիկ կորցրել են իրականության զգացումը»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica