close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ արտգործնախարարը Հայաստանը համարում է ագրեսոր երկիր, որը ուժի կիրառմամբ փոխե՞լ է ստատուս քվոն

Քաղաքական

11 Փետրվարի 2021, 13:12
 ՀՀ արտգործնախարարը Հայաստանը համարում է ագրեսոր երկիր, որը ուժի կիրառմամբ փոխե՞լ է ստատուս քվոն

«Սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»․ ԱԺ ամբիոնից ՀՀ արտգործանախարարի այս արտահայտությունը գործող կառավարության հերթական հարվածն է Հայաստանի պետականության թիկունքին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արտգործանախարարի առանցքային պաշտոնը զբաղեցնող անձը, փաստորեն, համարում է, որ ստատուս-քվոն փոխել էր Հայաստանի Հանրապետությունը և փոխել էր ուժի կիրառման միջոցով։

Ստացվում է, Հայաստանի Հանրապետությունը ագրեսոր պետություն է, որը ուժ է կիրառել հարևան պետության նկատմամբ և ուժով փոխել ստատուս-քվոն, որը հիմա վերականգնված է, և Թուրքիան այլևս պատճառ չունի սահմանը փակ պահելու։

Սա արդեն արտգործնախարարի հաջորդ միտքն է․ «Ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։

Այնինչ, իրականությունն այն է, որ Արցախի ժողովուրդը ինքնորոշվել էր միջազգային իրավունքի տառին համապատասխան, վերահսկում էր այն տարածքը, որտեղ ինքնորոշվել էր, իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորն էր։

Փաստը նաև այն է, որ՝ ինչ տեղի ունեցավ սեպտեմբերից նոյեմբեր՝ ինքնորոշման իրավունքը իրացրած խաղաղ ժողովրդի կայացած պետության՝ Արցախի Հանրապետության, զգալի մասի բռնազավթում էր թուրք-ադրբեջանա-ահաբեկչական համատեղ ուժերի կողմից։

ՀՀ գործող իշխանությունները արդեն որերորդ անգամ խեղաթյուրում են կոնֆլիկտի էությունը՝ այն ներկայացնելով որպես Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճ, ոչ թե Խորհրդային Ադրբեջանի տարածքում կոմպակտ ապրող բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։

Այս անգամ խեղաթյուրողը առանցքային պաշտոնյա է՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ Արա Այվազյանը։

Արտգործնախարարը, սակայն, սրանով չի սահմանափակվում․ ընդամենը մեկ նախադասության մեջ Հայաստանին ոչ միայն ներկայացնում է իբրև ագրեսոր պետություն, այլև ակնարկում է, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի խնդրից, Ցեղասպանության հարցի հետապնդումից և, գուցեև, պատրաստ է վավերացնել Թուրքայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները, ինչը, ինչպես գիտենք, խիստ վիճելի և վտանգավոր հարց է։

Այսպիսով՝ Այվազյանը հայտարարում է․ «Սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»։

Պարզ հայերենով՝ «Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու», նշանակում է Թուրքիայի նախապայմանները բավարարված են։ Իսկ դրանք, ինչպես գիտենք, մի քանիսն են․ Արցախի խնդրից հրաժարում, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի դադարեցում, սահմանների փոխադարձ ճանաչում։

Այս նախապայմանները նշված էին նաև 2009-ին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված հայ-թուրքական հաշտեցման արձանագրություններում։ Երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց իրավական դիրքորոշում հայտնել, որ՝ արձանագրություններում տեղ գտած դրույթները չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ հակասեն «Հայաստանի Սահմանադրության նախաբանի դրույթներին եւ «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի 11-րդ կետի պահանջներին», Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն քննադատեց որոշումը, քանի որ 11-րդ կետով ամրագրվում է, որ «Հայաստանը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Այսինքն, երբ Արա Այվազյանը հայտարարում է, որ Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու, սա կարող է նշանակել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը դադարեցվելու է։

Նաև հիշում ենք, որ արձանագրությունների ստորագրումից հետո պաշտոնական Անկարան սկսեց նախապայմաններ առաջադրել՝ դրանց վավերացումը կապելով Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Այսինքն, երբ Արա Այվազյանը հայտարարում է, որ Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու, սա կարող է նշանակել, որ Արցախի հարցից ևս պաշտոնական Երևանը հրաժարվել է և գոնե մնացյալ հատվածում կարգավիճակի հարց չի քննարկելու։

Թուրքիայի ու Ադրբեջանի հաջորդ՝ սահմանների փոխադարձ ճանաչման նախապայմանը ևս հայկական կողմը վտանգավոր էր համարում, մինչդեռ ներկա իշխանությունները սահմանազատման վիճելի գործընթացի մեջ են՝ առանց հայկական կողմի մասնակցության, որը հետագայում, վատագույն սցենարի դեպքում, կարող է փոխադարձաբար ճանաչվել։ Արդյո՞ք այս ակնարկն է անում արտգործանախարարը։

Այս բոլոր հարցերը գրավոր ուղարկել ենք ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին, քանի որ բանավոր կապ հաստատել նրա մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ գրեթե երբեք հնարավոր չէ։

Պատասխանը ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողին։

Մինչ այդ, հերթական զավեշտը մեր արտգործնախարարությունից․ Արա Այվազյանի բանավոր խոսքը ԱԺ ամբիոնից՝ «ինչպես գիտեք, շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ», արտգործնախարարության կայքում տեքստային տարբերակով դրված է փոխած տարբերակով՝ «շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով»։

Փաստորեն, նրանք ևս հետողորմյա նկատել են, որ ՀՀ արտգործնախարարի բարձր պաշտոնը զբաղեցնող անձը չի վերահսկել իր խոսքը՝ Հայաստանի շահերը վնասող հերթական հայտարարությունն է արել, և տեքստային տարբերակը գրել են սրբագրված։ Սա, իհարկե, վատ բնորոշիչ է, քանի որ, ինչպես գիտենք, պետությունների արտաքին քաղաքական գերզգայուն հարցերում ամեն բառը որոշիչ է։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica