close
Եղանակը Երևանում
19 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ կկերտենք Տերյանի Հոգևոր Հայաստանը, կա՛մ դատապարտված կլինենք Ծապլվարի Հանրապետությունում ապրելու․ այսօր Տերյանի տարեդարձն է

Հասարակություն

9 Փետրվարի 2021, 15:48
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կա՛մ կկերտենք Տերյանի Հոգևոր Հայաստանը, կա՛մ դատապարտված կլինենք Ծապլվարի Հանրապետությունում ապրելու․ այսօր Տերյանի տարեդարձն է

Տերյանի ծննդյան օրը պետք է հայտարարել, որ առաջին՝ իբր հիմնադիր նախագահի, հիմնած Ծապլվարի Հանրապետությունը մեռավ և այսօր ծնվեց Տերյանի հանրապետությունը՝ այն, որը կոչվում էր Հոգևոր Հայաստան՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար, արվեստի վասակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը Կոմիտասի անվան Պանթեոնում՝ բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի շիրմի մոտ հիշատակի միջոցառման ժամանակ։

Նա նկատեց, որ Տերյանը եզակի երևույթ է, որը կանխատեսել է այսօր տեղի ունենալիքը։

«Այսօր ես ուզում եմ բոլորիս ի լուր հայտարարել Հոգևոր Հայաստանի Հանրապետության ծնունդը։  Հոգևորականի ընտանիքից լինելով՝ նա կարողացավ իրոք Հոգևոր Հայաստանի մասին բարձրաձայնել և տալ բանաձևը։ Կա՛մ կկերտենք Տերյանի, Նժդեհի, Կոմիտասի երազած հանրապետությունը, կա՛մ ուղղակի դատապարտված կլինենք Ծապլվարի Հանրապետությունում ապրել։ Բայց,  կարծում եմ, ընկեր Փանջունու Ծապլվարի Հանրապետությունը մեռավ այսօր և կարող ենք ավետել Տերյանի Հոգևոր Հայաստանի ծնունդը»,-ասաց Գագիկ Գինոսյանը։

Գևորգ Էմին-Տերյանը մի պատմություն պատմեց․ Մոսկվայի դաշնակցականները մի գնացք օգնություն են ուղարկում Հայաստանի Հանրապետություն, Կրասնոդարում այդ գնացքը ձերբակալվում է։ Ռուբեն Դարբինյանը գրում է, որ Համո Օհանջանյանը հեռագիր է տալիս, որ՝ եթե մինչև առավոտ Լենինի ստորագրությամբ հեռագիր չգա, գնացքում գտնվող բոլոր հայերին տեղի բոլշևիկները պատրաստվում են գնդակահարել։ Դարբինյանը պատմում է, որ ինքը, այլ ելք չունենալով, խնդրում է, որ Տերյանը միջնորդի։ Ու հետո լինում է Լենինի ստորագրությամբ հեռագիրը և բաց են թողնում այդ մարդկանց։

«Այս պատմությունը ո՛չ տերյանագիտության մեջ, ո՛չ մեր պատմագիտության մեջ որևէ ձևով նշված չէ, բայց անհնար է, որ Լենինի ստորագրությամբ հեռագիրը այդպես խորը թաքցնեն։ Ասածս այն է, որ կարիք կա լրջորեն զբաղվելու և՛ բնագրերի հրատարակմամբ, և՛ կենսագրության ուսումնասիրությամբ, որովհետև դա միայն մեզ է պետք, իրեն պետք չէ, ինքն իր անելիքն արել և հեռացել է, այնինչ մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունենում, երբ չենք իմանում մեր անցյալը»,-ասաց Գևորգ Էմին-Տերյանը։

Նա նկատեց, որ չունենք մենագրություններ, թե ինչ է եղել Բրեստ-Լիտովսկում, ինչ է արել Տերյանը Հայկական կոմիսարիատում, այնինչ կան շատ փաստեր, որոնք ուղղակի ցնցում են։

«Տերյան» մշակութային կենտրոնի ղեկավար Առուշան Հակոբյանը հիշեց Եղիշե Չարենցի խոսքը՝ «եթե չլիներ Տերյանը, ես չէի լինի»։ Նա նշեց, որ Տերյանի ստեղծագործությունները Չարենցի դարակում էին և յուրաքանչյուր անգամ, երբ նա վշտի մեջ էր, բացում էր և միանգամից փոխվում էր տրամադրությունը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հորդորեց լինել Տերյանի հոգու, սրտի, պայքարի կանչը իրագործողը, ազգային մարտիկ լինել և կարողանալ ազգային պետություն ձևավորել։

«Տերյանն իր էությամբ լինելով հայրենապաշտ անձնավորություն՝ իր ստեղծագործություններում արտահայտել է նաև մեր հայրենիքի նկատմամբ սերը, հարգանքը և այն պահանջը, որ դրվել է յուրաքանչյուրի առաջ։ «Երկիր Նայիրի» ստեղծագործությունում այսպիսի տողեր կան, որը բնութագրում է նաև այսօրը՝ «դու հպարտ չես, ի՛մ հայրենիք, տրտում ես դու և իմաստուն»։ Սա խորհուրդ է, որով բոլորս, իբրև հայ ազգի ներկայացուցիչներ, պարտավոր ենք առաջնորդվել, մեր միջից հեռացնել ազգադավին, դավաճանին, հայրենիքը ծախողին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Այսօր էլ դժվար շրջան ենք ապրում և նորից ուզում ենք հիշել, վերադառնալ, կառչել մեր մեծերին՝ ասաց «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը։

«Ուզում ենք կառչել հայոց այն մեծերին, ովքեր արմատներ ունեն հողում, խորագնա են և մեզ այսօր պետք է հույս տան, ներշնչեն, որ՝ պիտի անցնեն նաև այս օրերը, պիտի գան գալիքի ավելի լուսավոր, ավելի պայծառ, ավելի համախմբված օրեր»,-ասաց Վահագն Սարգսյանը։

Տերյանի դասերը նորովի ընթերցելու կարիք ունենք՝ համարում է գրականագետ, ԵՊՀ դասախոս, դոցենտ Սերժ Սրապիոնյանը։ Նա նկատի ունի, հատկապես, Հոգևոր Հայաստանը և և հայ գրականության գալիք օրը․ «Երկու դեպքում էլ Տերյանը, մատնացույց անելով համաշխարհային փորձը, հայ գրականության անցած ճանապարհը, իրեն հատուկ նրբությամբ և խորքով ուրվագծում է մեր ազգի անցնելիք ճանապարհը, ինչի դասերը մենք, դժբախտաբար, այն նույն կիսատպռատությամբ սովորեցինք, որով այսօր Տերյանի՝ կոնտեքստից կտրված մտքերով հեղեղում ենք մամուլը»։

Նա ցավով նկատում է, որ, այսօրվա աղետավոր ընթացքը արդարացնելու միտումով, Տերյանից մեջբերումներ են անում, որոնք կոնտեքստից կտրված են՝ ցույց տալու համար, որ Տերյանի հայրենասիրությունը նման է այսօրվա ջահելների հայրենասիրությանը։

«Մինչդեռ իրականում Տերյանը խոսում է մեծ Նայիրիի տեսիլների դիրքերից, խոսում է ազգային հայրենասիրության դիրքերից, նա գավառական հայրենասերներ համարում է բոլոր նրանց, ովքեր ստրկամիտ են և ջատագով են կիսատ-պռատ հայրենասիրության»,-ասաց Սրապիոնյանը։

Գրականագետը դեմ է բոլոր այն չակերտավոր հայրենասերներին, որոնք, Տերյանի մտքերի մեջբերմամբ, ուզում են արդարացնել այն աղետը, որի մեջ այսօր գտնվում ենք։

Միջոցառմանը ներկա էին նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչները, որոնց նախաձեռնությամբ Ջավախքում (Տերյանի հայրենի Գանձա գյուղում) ներկայում ընթանում է մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանի և ցուցասրահի հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները:

Աննա Բալյան

Միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica