close
Եղանակը Երևանում
18 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ կարգավիճակ ունի Տեղի անցակետը. ԱԱԾ-ի պարզաբանումը

Խմբագրի անկյուն

9 Փետրվարի 2021, 11:21
 Ի՞նչ կարգավիճակ ունի Տեղի անցակետը. ԱԱԾ-ի պարզաբանումը

Սյունիքի մարզի Տեղ գյուղի վարչական տարածքում, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա, տեղադրվել է «հատուկ անցակետ»՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի հիմք են հանդիսացել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը, «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման 16-րդ և 17-րդ կետերի դրույթները, ըստ որոնց՝ ՀՀ ամբողջ տարածքում կարող են կիրառվել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներ, ինչպես նաև նշված ռեժիմն ապահովելու նպատակով կարող են տեղադրվել «հատուկ անցակետեր». Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրավոր տեղեկանքում:

Ըստ ԱԱԾ-ի պարզաբանման՝ «հատուկ անցակետն» անմիջականորեն ենթարկվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարությանը, որտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Նույն կետում քաղաքացիների փաստաթղթերի ստուգումը կարգավորվում է «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքով:

Yerkir.am-ն ուսումնասիրությամբ պարզել էր, որ նշյալ անցակետում քաղաքացիներից պահանջվում է բացառապես անձնագիր, և այն ուղևորները, որոնք իրենց հետ ունեն, օրինակ, նույնականացման քարտ և այլն, հանդիպում են դժվարությունների: ԱԱԾ-ի պարզաբանումը փաստում է, որ սահմանված և գործող ընթացակարգերն էականորեն տարբերվում են կիրառվողից: Ըստ ԱԱԾ-ի պաշտոնական տեղեկության՝ «հատուկ անցակետում» ծառայություն իրականացնող սահմանապահները ստուգում են տեղաշարժվող քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը՝ անձի և փաստաթղթի նույնականացում իրականացնելու նպատակով: Քաղաքացիները կարող են այդ անցակետով անցնել անձը հաստատող ցանկացած փաստաթղթով՝ անձնագիր, նույնականացման քարտ, զինգրքույկ, ծառայողական վկայական, վարորդական վկայական, անչափահասների մասով՝ նաև ծննդյան վկայական, քաղաքացիություն չունեցող անձանց մասով՝ ճամփորդական փաստաթուղթ:

Ավելին՝ ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ անցակետում որևէ փաստաթուղթ չներկայացրած անձանց նույնպես թույլատրվում է անցնել՝ նրանց անձը պարզաբանելուց հետո։ Անձի պարզաբանման գործառույթը նույնպես իրականացնում են սահմանապահները:

Արդյո՞ք դա պետական սահմանի անցակետ է: Եթե՝ այո, ապա ՀՀ-ից դեպի ո՞ր երկիր ենք դուրս գալիս։ Այս հարցերին ի պատասխան՝ ԱԱԾ-ն նշում է՝ «հատուկ անցակետը» չի հանդիսանում պետական սահմանի անցման կետ:

Ինչո՞վ է պայմանավորված ռուս զինվորականների առկայությունն այդ անցակետում: Հիշյալ ռուս զինվորականները 102-րդ ռազմաբազայի՞, թե՞ խաղաղապահ առաքելություն իրականացնող զորքերի զինվորականներն են։ Այս հարցերը ևս պարզաբանվել են ԱԱԾ-ի պաշտոնական տեղեկանքում: Եվ, չնայած հանգամանքին, որ նշյալ անցակետը պետական սահմանի անցման կետ չէ, այնտեղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների հետ ծառայություն են իրականացնում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայողները, որոնց հիմնական գործառույթը Բերձորի միջանցքով անցնող ճանապարհի և ճանապարհով երթևեկող անձանց անվտանգության ապահովումն է։

ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայողների՝ նշյալ անցակետում գտնվելու իրավական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն է: «ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի զինծառայողներն անցակետում են գտնվում եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ ելնելով խնդրի հրատապությունից անվտանգության նկատառումներից»,- նշված է ԱԱԾ տեղեկանքում:

 

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica