close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում

Տնտեսական

17 Հուլիսի 2020, 17:47
 Կպղտորի արդյո՞ք ղազախական նավթը ՌԴ-ից և Իրանից եկող հոսքերը. ի՞նչ սպասել բենզինի շուկայում

Ղազախստանից Հայաստան նավթի մատակարարման համար կողմերը դեռ պետք է վավերացնեն ստորագրված համաձայնագիրը: Դրանից հետո միայն պարզ կլինի, թե նավթամթերքի ներկրման ինչ ծավալներ է Ղազախստանից ակնկալում Հայաստանի իշխանությունը:

Ղազախստանից Հայաստան նավթամթերքի ներկրման համաձայնագրից հայաստանցի սպառողները կշահեն թե՛ որակի, թե՛ գնի առումով, քանի որ նոր շուկան նաև նոր մրցակցության հնարավորություն է ստեղծում: Spurtnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 16-ին Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրված նավթամթերքի մատակարարման և առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ համաձայնագիրը, ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

«Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ՀՀ-ն այժմ նավթամթերք ներկրում է հիմնականում ՌԴ-ից և Իրանից: Այս համաձայնագրով մեր նավթամթերքի շուկան տարբերակվում է, ներկրման լրացուցիչ ուղղություն ենք ունենում, որը նաև լրացուցիչ մրցակցության հնարավորություն կտա, ինչն էլ դրական է թե՛ որակի, թե՛ գնի իմաստով»,- նշեց Ավետիսյանը:

Թե ինչ ծավալի ու ինչ տեսակի նավթամթերքի ներկրման պայմանավորվածություն ունեն երկու երկրներն այս համաձայնագրի շրջանակում՝ այս պահին հայտնի չէ: Այդ տեղեկություններն այս պահին հասանելի աղբյուրներում հրապարակված չեն:

Առանց հստակ թվային ցուցանիշների տնտեսագետը դժվարացավ գնահատել, թե ինչ ազդեցություն կթողնի այս համաձայնությունը հայաստանյան շուկայի կառուցվածքի վրա և թե ներքին պահանջարկի որ հատվածը կապահովի: Բայց, Ավետիսյանի համոզմամբ, շատ ավելի կարևոր է, որ Հայաստանն իր շուկա հրավիրելով նոր մատակարարին, դա չանի ի հաշիվ նախկին գործընկերների՝ ՌԴ-ի ու Իրանի հետ արդեն առկա հարաբերությունների:

«Բնական է, որ լինելով սահմանափակ պահանջարկ ունեցող երկիր, եթե մենք ավելացնում ենք ներմուծող երկրների թիվը, ապա դա պետք է լինի գործընկերներից մեկի կամ բոլորի հաշվին: Այս գործոնն, իհարկե, կա, բայց կարծում եմ՝ այստեղ ևս հնարավոր է համաձայնության գալ: Դա նորմալ երևույթ է նաև միջազգային շուկայում: Ի վերջո, շուկայում գործում է մրցակցության օրենքը, և ով ավելի էժան ու որակյալ ապրանք է առաջարկում, դու ապրանքը ձեռք ես բերում նրանից»,- պարզաբանեց մեր զրուցակիցը:

Նավթի շուկան, սակայն, ի տարբերություն այլ ապրանքային շուկաների, ունի բնական մենաշնորհի առանձնահատկություն, ինչի պատճառով էլ այստեղ խիստ կարևորվում է հատկապես մատակարարների հետ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերելը: Այլ կերպ ասած՝ այսօր գնալով էժան նավթի հետևից ու կորցնելով երկարաժամկետ պայմանավորվածություններն ու մատակարարներին, վաղը, երբ նավթի համաշխարհային գինը դարձյալ բարձրանա, էժան նավթ առաջարկող կարող է այլևս չլինել:

«Որքան էլ մենք Ղազախստանից նավթամթերք ներկրենք, մեր հիմնական գործընկերներն այս շուկայում միևնույն է շարունակելու են մնալ Ռուսաստանն ու Իրանը: Իմ մտավախությունն այն է, որ մենք հանկարծ չունենանք շահերի որոշակի անհավասարակշռություն կամ եղած երկարաժամկետ պայմանավորվածությունների խախտում: Բացի տնտեսականից, այստեղ կա նաև քաղաքական շահ, և այդ քաղաքական շահերն, ի վերջո, տնտեսական ձևակերպում են ստանում»,- ընդգծեց տնտեսագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica