close
Եղանակը Երևանում
22 Հունիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այն փաստը, որ ԱՄՆ նախագահներն ամեն տարի Ցեղասպանության հետ կապված ուղերձով են հանդես գալիս, շատ բան է նշանակում. Մանոյան

Հարցազրույց

22 Ապրիլի 2019, 18:01
 Այն փաստը, որ ԱՄՆ նախագահներն ամեն տարի Ցեղասպանության հետ կապված ուղերձով են հանդես գալիս, շատ բան է նշանակում. Մանոյան

Դաշնակցությունը 2007-ից փոխել է հայկական հարցի հետ կապված իր ռազմավարությունը և  այլևս չի խոսում միայն Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին, այլև` հատուցման: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց, որ ժամանակն է վերաամրագրելու, որ 2015-ի Համահայկական հռչակագիրն ուրվագծում է ՀՀ-ի ընդհանուր մոտեցումները, և այդ ուղղությամբ աշխատանքները հարկավոր է ակտիվացնել:

-Այսօրվա` արագ փոփոխվող աշխարհակարգում, երբ աշխարհաքաղաքական խնդիրների լուծման այլ կոնցեպտներ են առաջարկվումանհրաժեշտություն տեսնո՞ւմ եք վերաիմաստավորելու Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցը միջազգայնացնելու գործում Հայաստանի մոտեցումն ու ռազմավարությունը։

-Դաշնակցությունը 2007-ից փոխել է իր ռազմավարությունը. մենք այլևս չենք խոսում միայն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին, այլև խոսում ենք հատուցման մասին: Եղավ պահ, որ պետությունն էլ իր բառամթերքում օգտագործեց «հետևանքների վերացում» ձևակերպումը, այդ գիծը սկսեց որդեգրել, որն ամբողջական ուրվագծում ստացավ 2015-ի հունվարի Համահայկական հռչակագրով: Հռչակագրով նախատեսված էին  քայլեր, որոնք, դժբախտաբար, անհրաժեշտ ինտենսիվությամբ և արագությամբ չկատարվեցին: Բայց այսօր էլ դրանք կարող են իրագործվել: Կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ մենք այսօր, որպես պետություն, հասարակություն, որպես խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, վերաամրագրենք, որ սա ուրվագծում է մեր ընդհանուր մոտեցումները, և այդ ուղղությամբ տանենք անհրաժեշտ աշխատանք, բացի ՀԱԿ-ից և Լևոն Տեր-Պետրոսյանից, որոնք դեմ էին Համահայկական հռչակագրին: Սա այն աշխատանքն է, որը կարելի է իրագործել ոչ անպայման պետության ուղղակի մասնակցությամբ, եթե, ըստ ոմանց, բարդություններ պիտի առաջացնի, բայց պետության որոշակի մասնակցությամբ: Եթե սա արագ չարվի, մենք ժամանակ կկորցնենք մի բանի համար, որը ՀՀ անկախության առաջին իսկ օրվանից չենք կատարել: Թուրքիան ՀՀ անկախության հռչակումից առաջ էլ սկսեց նախապայմաններ դնել, որոնցից մեկը Ցեղասպանության ճանաչման հարցն էր, մյուսը` որ ՀՀ-ն հայտարարի, թե տարածքային պահանջ չունի: Հայաստանի անկախացումից անցել է 28 տարի, և ճիշտ է, որ Հայաստանը երբեք չի հայտարարել, որ տարածքային պահանջ ունի, բայց չի էլ հայտարարել, որ չունի: Առավելագույնը, որն ասել է ՀՀ-ի այս կամ այն նախագահը՝  նման խնդիր այս պահին օրակարգում չկա: Եվ շեշտադրումը, որ` այսօր չկա, բնավ չի նշանակում, թե վաղը չի լինելու: Եվ այն փորձառությունից հետո, որ ունեցանք Թուրքիայի հետ, այն է՝ համարյա հրաժարում  տարածքային կամ հատուցման իրավունքից, և այսքանից հետո Թուրքիան հրաժարվեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, սա հուշում է, որ պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Ես հույս ունեմ, որ կկարողանանք մոտ ապագայում  ակտիվացնել այդ ուղղությամբ մեր աշխատանքները: Մեր ասելով` նկատի ունեմ Դաշնակցությանը և հայկական կողմին: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սա մեկ կազմակերպության խնդիր չէ, այլ` համազգային որոշման, և անհրաժեշտ է, որ համազգային ճիգերով կարողանանք այս հարցն առաջ տանել, քանի որ այն արդեն հասունացել է: Ավելին` ՀՀ-ի անկախացումից ի վեր այն եղել է տարբեր գիտնականների, մասնագետների և դիվանագետների օրակարգում: Կրկնում եմ՝ անպայման չէ, որ սա իշխանությունն անի, բայց առանց նրանց մասնակցության էլ հարցն առաջ տանել չի լինի: Մենք չենք կիսում այն տեսակետը, թե ՀՀ-ն Ցեղասպանության ժամանակ գոյություն չուներ, ուրեմն չի կարող իրավատեր լինել: Եթե խոսքը տարածքների մասին է, ապա դրանց իրավական  հիմքը Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է: Սա բացառապես ՀՀ-ի իրավունքն է, քանի որ վճռում չի ասվում, որ` տարածքները հայերին ենք տալիս կամ արևմտահայերին: Ի դեպ, այս տարի մենք պետք է նշենք Հայաստանի Հանրապետության Միացյալ հայտարարության 100-ամյակը, որը հաստատվել է 1919-ի մայիսի 28-ին, և որի մասին Ավետիս Ահարոնյանն ասել է՝ մենք արևմտահայ էինք, արևելահայ էինք, ամերիկահայ էինք, ֆրանսահայ էինք, բայց դարձանք հայ: Սա բոլորիս հայրենիքն է, որի մի մասը շարունակում է գրավված մնալ Թուրքիայի կողմից, և եթե ինչ-որ տարածքային հարց պիտի լուծվի, ապա դրա միակ իրավատերը Հայաստանն է:

Ինչ վերաբերում է հատուցման այլ ձևերին, այդտեղ ևս կա նախընթաց՝ Իսրայելի օրինակը, իսկ այսօրվա ՀՀ բնակչության կեսը, ես համոզված եմ, Ցեղասպանությունը վերապրածների իրավաժառանգորդներ  են: Դժբախտաբար, Ցեղասպանությունը միայն Արևմտյան Հայատանում չի եղել, նույն թուրքական զորքերը նույն տրամաբանությամբ ու նպատակներով հասել էին Գյումրի, Վանաձոր, ուստի բոլորն էլ իրավաժառանգորդ են: Ըստ այդմ՝ ժամանակն է, որ ՀՀ-ն հատուցման այլ ձևերի առաջարկներով  հանդես գա: Ի վերջո, ցեղասպանական հանցագործություններ եղել են 1894-ից սկսած և առնվազն մինչև 1923 թիվը շարունակվել Արաքսի և՛ այս ափին, և՛ այն: Հայաստանի Հանրապետության կեցվածքը, ինչպես նաև Դաշնակցության, եղել է այն, որ` եկեք հարաբերություններ սկսենք` առանց նախապայմանների, հետո մնացածը ժամանակի ընթացքում կտեսնենք: Եթե  12 տարի առաջ հարցնեիք,  Դաշնակցությունը կասեր՝ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի հետ չպետք է հարաբերություններ հաստատել, բայց հետո եկանք այն եզրակացության, որ կարելի է, առանց նախապայմանների, հարաբերություններ հաստատել, բայց սա պետք է լինի երկու կողմից: Մենք և՛ արձանագրությունների ժամանակ, և՛ դրանից հետո բազմիցս ասել ենք, որ աշխարհում կա մոտավորապես 70 պետություն, որոնք 140-ից ավելի տարածքային վեճ ունեն իրար հետ, և որևէ կապ չունի` խոսքը 10 կմ քառակուսու մասին է, թե` 10.000, 100.000: Նման վեճեր ունեն ՆԱՏՕ-ի անդամ Անգլիան և Իսպանիան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Հունաստանը, ԱՄՆ-ն ու Կանադան, այսինքն՝ տարածքային վեճ ունենալը չի նշանակում, որ պետք է իրար ջարդել, մինչդեռ Թուրքիան, որպես պատրվակ օգտագործելով նման վեճի առկայությունը, ասում է՝ հարաբերություններ չպետք է ունենանք: Բայց Թուրքիան պիտի հասկանա, որ այս քաղաքականությունը շարունակելն արդյունավետ չէ:

-Այսօր գործ ունենք նման հարցերում դիրքորոշումը և քաղաքականությունը  խստացնող Թուրքիայի հետ: Այս դեպքում ինչպե՞ս ենք պատկերացնում մեր հետագա քայլերը, ի՞նչ ճանապարհով է հնարավոր հասնել Թուրքիայի դիրքորոշման մեղմացման կամ գուցե ինչ-որ երկրի՞:

-Մենք էլ մեր քաղաքականությունը պիտի խստացնենք, թեև ես կարծում եմ, որ Թուրքիան չի խստացնում իր դիրքորոշումը, պարզապես Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելն օրակարգից դուրս է՝ 25-50 առաջնահերթությունների թվում չէ: Սա պետք է առիթ լինի մեզ համար, որ մեր իրավական հիմքերն ամրացնենք, բայց նաև քաղաքական աշխատանքներն այդ ուղղությամբ մեծացնենք: Ես համոզված եմ, որ մենք` որպես հայություն, 1987 թվականին Եվրախորհրդարանի ընդունած որոշման նման որոշմանը  դեմ կլինենք, որում ասվում էր, որ Թուրքիան, մինչև ԵՄ անդամ դառնալը, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց դրանից հետո նշվում էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչում` չի նշանակում, որ Թուրքիան որևէ պարտավորություն ունի: Մենք՝ որպես հայություն, այս մոտեցումն արդեն փոխել ենք, և ճանաչում՝ նշանակում է ունենալ պարտավորություն: Ավելին` հատուցման պարտավորությունը պայմանավորված չէ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Այսինքն՝ պարտադիր չէ, որ Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչի, որ մենք հատուցման հարցեր արծարծենք, քանի որ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան չի խոսում հատուցման մասին, առհասարակ` տարածքային հարց չկա: Մենք, մեր խնդրի յուրահատկությունից ելնելով, ինչ-որ տեղ կապում ենք տարածքային պահանջները, և եթե հանկարծ բոլորը եզրակացնեն, որ սա ընդամենը ոճիր էր մարդկության դեմ, ուրեմն Թուրքիան պարտավորություն չունի, ո'չ, ունի: Դրա համար պետք է բոլոր տեղերում բարձրաձայնել ՀՀ-ի և հայության իրավունքների հարցը և իրավական հիմնավորման տեսանկյունից ավելի խորացնել:

- Հաշվի առնելով թուրք-քրդական հարաբերությունները, քրդերի դերակատարության` ինչ-որ չափով մեծացումը Թուրքիայում, հնարավո՞ր է նրանց հետ համագործակցությամբ Թուրքիային ստիպել գնալ Հայկական հարցում դիրքորոշման մեղմացման` իհարկե, չմոռանալով քրդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը:

-Սրանից տարիներ առաջ Դիարբեքիրի նախկին քաղաքապետերից մեկը Երևանում էր: Ես հարցրեցի՝ ինչպե՞ս կբացատրեք, որ դուք` որպես քրդամետ կուսակցություն, թուրքական խորհրդարանում ներկայացված եք 26-28 պատգամավորով, իսկ  իշխանությունն իր խմբակցության մեջ ունի 50 քուրդ պատգամավոր: Նա կեսլուրջ-կեսկատակ պարզաբանեց, որ  քրդեր են եղել, որոնք մասնակցել են Ցեղասպանությանը, բայց եղել են նաև քրդեր, որոնք չեն մասնակցել, հիմա դրանք մասնակիցների ժառանգներն են: Այսօրվա Թուրքիայում ամենաառաջադիմական ուժը քրդական է, հասարակության մեջ ամենահետադիմականն էլի քրդերն են: Մյուս կողմից՝  քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարողացավ փոխել երկրի օրենքը՝ ասելով, որ համայնքապետ կարող է լինել և՛ տղամարդը, և՛ կինը՝ համատեղ համայնքապետության սկզբունքով: Հիմա մենք այդ ամենաառաջադիմական ուժի հետ հարաբերություններ ունենք: Նրանք ընդունում և ճանաչում են Ցեղասպանության, ինչպես նաև որոշ քրդերի մասնակցության փաստը, բայց ապագան տակավին ճիշտ նույն ձևով չենք տեսնում: Սակայն սա այսօր այն հարցը չէ, որի պատճառով կռվենք իրար հետ կամ էլ չխոսենք: Հաշվի առնելով այն  հանգամանքը, որ նրանք Թուրքիայում ամենահալածվածն են, այս հարցով մեր երկխոսությունը դանդաղել է, բայց հուսով եմ, որ ժամանակի ընթացքում՝ ոչ շատ ուշ, դա տեղի կունենա:

- Իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ո՞ր դեպքում է հնարավոր, արդյո՞ք բոլոր նահանգների կողմից, ընդ որում` մեկն է մնացել, ճանաչումը կհանգեցնի մի օր դրան: 

-ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչումը համարվում է արտաքին քաղաքականության հարց, իսկ արտաքին քաղաքականություն վարելը բացառապես նախագահի իրավասությունն է: Սակայն սա չի նշանակում, որ առանձին նահանգներ, Կոնգրեսի երկու պալատները չեն կարող ինչ-որ բաներ ասել: Բայց գործադիրին օրենքով պարտադրելը բավական դժվար է, ուստի քաղաքական ֆոն ստեղծելու համար կարևոր է առանձին նահանգների, Կոնգրեսի այս կամ այն պալատի կողմից Ցեղասպանության ճանաչումը:  Բայց դրանով ամեն ինչ չի վերջանա. օրերս Կոնգրեսը մի բանաձև որդեգրեց, որի վրա նախագահ Թրամփը վետո դրեց: Ամեն դեպքում կարծում եմ, որ ճիշտ չէ ասել, թե ԱՄՆ-ն չի ճանաչել Ցեղասպանությունը: Երբ ՌԴ-ի, Իտալիայի խորհրդարանները, Բելգիայի խորհրդարանի այս կամ այն պալատները ճանաչող հայտարարություն են ընդունում, ասում ենք՝ այդ երկրները ճանաչել են, բայց որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեք անգամ ճանաչել է, ասում ենք՝ ԱՄՆ-ը չի ճանաչել: ԱՄՆ նախագահները հետևողական չեն եղել, մեկ նախագահ ճանաչել է՝ Ռեյգանը: Հնարավոր է՝  Թրամփը ճանաչի, բայց հաջորդ տարի այդ բառը չասի, դա էլ կա: Իրականում կարևորն այն է, որ ԱՄՆ-ն չի  ժխտում, քանի որ 1982-ին ժխտում էր, և այն ժամանակ մեծ խնդիր եղավ, ու ինչ-որ իմաստով համայնքի վերնախավը պառակտվեց՝ շնորհիվ ԱՄՆ կառավարության մանիպուլյացիաների: Օրինակ` պետքարտուղարության մի տեղեկատուի մեջ չէր ասվում, որ ԱՄՆ-ն կատարվածները չի ճանաչում որպես ցեղասպանություն, հիմա նման բան չեն ասում: Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հարցազրույցում ևս չասաց, որ Ցեղասպանություն չի եղել, նա ասաց` 1915-ին կատարվածը 20-րդ դարի ամենամեծ ոճիրներից մեկն է, ինչպես նախագահն է ասում: Սա տարբերություն է, բայց չի բավարարում: Մյուս կողմից՝ այն  փաստը, որ ԱՄՆ նախագահներն ամեն տարի Ցեղասպանության հետ կապված ուղերձով են հանդես գալիս, շատ բան է նշանակում: Մի ժամանակ Թուրքիան ուրախանում էր, որ «ցեղասպանություն» բառը չի ասվում, բայց հետո խելքի եկավ՝ այնպես չէ, որ ընդհանրապես բան չի ասվում: Քանի որ տարբեր նահանգներ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչել են, դա ԱՄՆ նախագահին ստիպում է հավատարիմ մնալ այս ճանաչմանը և հանդես գալ ամենամյա ուղերձով: 

-ԱՄՆի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից  քանի՞ երկրի ճանաչում է կախված, և արդյո՞ք դա կազդի առաջին հերթին Թուրքիայի դիրքորոշման վրա

- Բացի նրանից, որ դա կլինի ճնշում Թուրքիայի վրա, սակայն «ճնշում» ասվածը պետք է ճիշտ հասկանալ՝  ճնշում Թուրքիայի իշխանության և պետության, քաղաքական շրջանակների վրա և ճնշում թուրք հասարակության վրա: Այսօր հենց թուրք ժխտողներն են ընդունում, որ թուրք հասարակության մոտ Ցեղասպանության հարցի ընկալման վրա մեծապես ազդել են  1975-85 թվականների զինյալ պայքարը և տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումները: Թուրքիայի հասարակության մեջ այս հարցը միշտ էլ եղել է: Իսկ թե ո՞ւմ վրա կազդի կամ կազդի՞ Թուրքիայի վրա, այո', կազդի: Մենք այս տեսակետը չենք կիսում, բայց ոմանք ասում են, որ Էրդողանը փոխեց Թուրքիայի կեցվածքը, քանի որ երբ դեռ վարչապետ էր, ուղերձով հանդես եկավ, որում խոսք կար՝ ուղղված Թուրքիայի հայերին, բացի այս`  մեկ-մեկ մասնակցում է այդ առիթով մատուցվող եկեղեցական արարողություններին կամ ներկայացուցիչ ուղարկում: Մեր կարծիքով` սա ժխտողական քաղաքականության ձևի փոփոխություն է, բայց եթե կա որոշ փոփոխություն, դա էլ ճնշման արդյունք է, ինքնաբերաբար չի եղել: 

-Ապրիլի 9-ին Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանն այցելել է Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսարան և հանդիպում ունեցել  Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ, նաև` Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հարգանքի տուրք է  մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

-15-20 տարի առաջ, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները վատ էին, որոշ լրատվամիջոցներում Ցեղասպանության մասին հոդվածներ լույս տեսան, իսկ Սաուդյան Արաբիան այն երկիրը չէ, որ մեկի մտքով անցել է նման հոդված հրապարակել: Դա Ցեղասպանության  ճանաչմանն ուղղված դրսևորում էր Սաուդյան Արաբիայի  իշխանությունների կողմից: Կարծում եմ՝ դեսպանի այս քայլը ևս Թուրքիայի հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների լարվածության ֆոնին է: Բայց միայն Սաուդյան Արաբիան չէ, Եգիպտոսում և Սիրիայում էլ նման խմորումներ կան: Թուրքիան այնքան է վատացել բոլորի հետ, որ մարդիկ սկսել են իրենց հիշողության վրայից իրենց իսկ մեղսակցության փոշին մի քիչ մաքրել և հիշել, որ Թուրքիան այն սրբերի երկիրը չէ, որի  մասին սկսել էին արտահայտվել: 

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

Ասիկա մեր պարտութիւնը չէ
22 Հունիսի 2021, 10:28 Ասիկա մեր պարտութիւնը չէ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica