close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հերթեր Բավրայի անցակետում՝ անտրամաբանական թեստավորման համար

Հասարակություն

12 Հունվարի 2022, 14:11
 Հերթեր Բավրայի անցակետում՝ անտրամաբանական թեստավորման համար

Yerkir.am-ը բազմաթիվ ուղևորներից ահազանգեր է ստանում, որ Վրաստանից ՀՀ մուտք գործելիս Բավրայի սահմանային անցակետում առավոտյան ժամերին սարսափելի հերթեր են գոյանում, որոնք առաջանում են հենց սահմանային անցակետում ՊՇՌ հետազոտություն անցնելու պարտադրանքի պատճառով:

Ըստ սահմանված կարգի՝ քաղաքացին, որը չի ներկայացնում պատվաստված լինելը հավաստող տվյալներ, մուտք գործելով երկիր, պարտավոր է հանձնել ՊՇՌ թեստ:  

Խնդիրը ուսումնասիրելով՝ պարզվեց, որ Բավրայի սահմանային անցակետում այժմ գործում են թեստավորման 3 կետ կամ 3 ընկերությունների ծառայություններ, անցակետում գիշերը հերթապահում է ընդամենը 1 աշխատակից, և նշված 3 կետերում ծառայության մատուցումն սկսվում է առավոտյան ժամը 10:00-ից: Պարզորոշ է՝ մինչ առավոտյան այդ ժամը Ջավախքի հայաբնակ շրջաններից ՀՀ են մուտք գործում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք ստիպված են մինչ 10:00-ն ընկած հատվածում ժամերով հերթ կանգնել թեստավորման համար: Գրեթե նույն հերթերն են գոյանում նաև նշված ժամից հետո, քանի որ ուղևորների թիվը գնալով աճում է, և 3 կետերը պարզապես չեն հասցնում սպասարկել բոլորին:

Yerkir.am-ը շաբաթներ առաջ անդրադարձել էր խնդրին՝ փաստելով, որ սահմանակետին ՊՇՌ հետազոտություն պահանջելն անիմաստ, ինչ-որ տեղ՝ նաև զավեշտալի, քանի որ  պատասխանը տեղում չի տրվում, և երկիր ժամանող ուղևորները, միևնույն է, մի քանի օր (մինչև պատասխանի ստացումը) գտնվում են երկրում և սրտի ուզածի չափով շփվում մարդկանց հետ: Հայտնել էինք նաև, որ որևէ կերպ չի վերահսկվում նաև քաղաքացիների՝ մինչ պատասխանի ստացումը ինքնամեկուսանալու պահանջի կատարումը: Պարզ է՝ այդ պահանջին որևէ մեկը չի հետևում, հատկապես, որ պատասխանն առաքվում է SMS հաղորդագրությամբ և, որն ամենազավեշտալին է, բացասականի դեպքում որևէ ծանուցում չի ուղարկվում, քաղաքացին մեկ-երկու օր անց ինքը պետք է կռահի, որ առողջ է և կարող է շփվել մարդկանց հետ:

Այստեղ միանգամայն օրինակելի է Վրաստանի կարգը, երբ անցակետում գոյություն չունի ՊՇՌ հետազոտության պարտադրանք, մուտք գործելիս քաղաքացին պարտադիր ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքն արտացոլող տվյալներ, իսկ ովքեր չեն պատվաստված, երկրում 72 ժամ գտնվելուց հետո պարտավոր են վերստին անցնել ՊՇՌ հետազոտություն:

Քաղաքացիները պահանջում են միանշանակորեն վերացնե՛լ սահմանային անցակետերում ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքը և նշված ձևական ու անտրամաբանական պահանջների փոխարեն կիրառել այլ կարգ, օրինակ՝ քաղաքացուց պահանջել, որ ՊՇՌ հետազոտություն անցնի երկիր մուտք գործելուց հետո՝ սահմանված ժամկետներում, օրինակ՝ նույն օրը:

Քաղաքացիների այս պահանջը միանգամայն օրինաչափ և տրամաբանական է դառնում, և,  ընդհակառակը, սահմանային անցակետում ՊՇՌ հետազոտության պարտադրանքի անտրամաբանականությունը՝ առավել ցայտուն, երբ բացահայտում ենք, որ միևնույն է՝ տվյալները սահմանային կետից հետազոտման կենտրոններ են ուղարկում ոչ թե միանգամից, այլ յուրաքանչյուր օրվա ավարտին: Պարզեցինք նաև, որ քաղաքացին շատ ավելի արագ կստանա ՊՇՌ հետազոտության արդյունքները, իսկ պետությունն ավելի արագ կպարզի՝ երկիր մուտք գործած տվյալ քաղաքացին վարակակի՞ր է, թե՞ ոչ, եթե ուղևորը ՊՇՌ հետազոտություն անցնի ոչ թե սահմանին, այլ հենց պատկան կենտրոններում:

Հետևաբար, միանում ենք քաղաքացիների պահանջին՝ պատկան օղակներից ակնկալելով արագ արձագանք ու խնդրի շուտափույթ կարգավորում:

 

Վ. Սարգսյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica