close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայում վախճանվել է «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2021, 14:43
 Գերմանիայում վախճանվել է «Միություն ընդդեմ Ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում իր մահկանացուն է կնքել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման համար շուրջ 20 տասնամյակ ակտիվ պայքար մղած թուրք մտավորական Ալի Էրթեմը, ով նաև հենց այդ նպատակով ստեղծված Միություն ընդդեմ Ցեղասպանության (Soykırım Karşıtları Derneği) կազմակերպության հիմնադիրն ու նախագահն էր։

Այդ մասին ափսոսանքով հաղորդում է Akunq.net-ի խմբագրությունը՝ միաժամանակ ցավակցություն հայտնելով Ալիի տիկնոջը՝ Սելայ Էրթեմին, դուստրերին և մյուս մտերիմներին ու հարազատներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալի Էրթեմը հիշյալ կազմակերպությունը հիմնել էր դեռևս 1998 թվականին և հենց այդ տարի էլ առաջին անգամ այցելել Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը հիմնադրման ամսաթվից սկսած ամեն տարի, ապրիլի 24-ին որևէ ներկայացուցիչ էր ուղարկում Երևան՝ միության անդամների անունից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին ծաղկեպսակ խոնարհելու համար։ Միության անդամները միաժամանակ խորհրդանշական գումար էին հավաքում և նվիրաբերում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ Մեծ եղեռնից վերապրած հայերին փոխանցելու կամ այլ ծախսեր հոգալու նպատակով։

Կազմակերպությունը նաև ակտիվ գործունեություն էր ծավալում Ֆրանկֆուրտում, Գերմանիայի այլ քաղաքներում, ինչու չէ, նաև՝ այլ երկրներում։ Այսպես, միությունը երբեմն հանդես էր գալիս տարբեր միջոցառումներով, այդ թվում՝ դասախոսություն-սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և այլ հետաքրքիր ձեռնարկներ, որոնք բոլորն էլ նվիրված էին լինում Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությունների հետևանքների վերացմանը (Այդ մասին ավելի մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=63285)։  

Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ակցիաներ էր իրականացնում Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի կամ Գերմանիայում Թուրքիայի այլ ներկայացուցչությունների մոտ՝ հիշեցնելով այդ երկրին իր գործած մեծ ոճիրների մասին։ Նման մեծ ակցիա կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, 2015 թ․ ապրիլին Ֆրանկֆուրտում Թուրքիայի հյուպատոսարանի առջև։ Մասնավորապես, կազմակերպության անդամները, ապրիլի 24-ին նահատակված հայ մտավորականների լուսանկարները բռնած, բողոքի ակցիա իրականացրեցին հյուպատոսարանի դիմաց (Այդ մասին մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=44334)։

Ալի Էրթեմը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2019 թ․ գարնանը։ Կարծես թե իր մոտալուտ վախճանի մասին կանխազգացում ունենալով՝ նա և միության մյուս անդամներն այդ անգամ իրենց հետ Երևան էին բերել նաև իրենց զավակներին՝ ցանկանալով ցեղասպանությունների և մարդկայնության դեմ գործված մյուս հանցագործությունների դեմ պայքարի ջահը փոխանցել գալիք սերունդներին։

Ալի Էրթեմը այն խիստ սակավաթիվ թուրք մտավորականներից էր, ով արձագանքել էր Արցախյան վերջին պատերազմին՝ մասնավորապես նշելով․ «ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ԱՅՆ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, որ վարում են Ցեղասպանության հանցագործ թուրքական պետությունը և վերջինիս հանցակից՝ ֆաշիստական Ադրբեջանի օլիգարխիան, և որը թիրախավորել է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությունը։ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԱՇԽԱՐՀԻ և ԵՒՐՈՊԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵ՛Ր, կատարեք մեզ և աշխարհի ժողովուրդներին ձեր տված խոստումները և իրականացրեք այն որոշումները, որ հռչակել եք։ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԹԻՐԱԽԱՎՈՐԱԾ ԱՅՍ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» (Այդ մասին ավելի մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=73673)։

Անկարայում ծնված, սակայն 30 տարուց ավել Գերմանիայում բնակություն հաստատած Ալի Էրթեմը, ով մասնագիտությամբ ինժեներ էր, նաև այն խիստ սակավաթիվ թուրք գործիչներից էր, որ խոսում էր ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այլ նաև՝ նյութական փոխհատուցման անհրաժեշտության մասին (Այդ մասին ավելի մանրամասն տես՝ https://akunq.net/am/?p=9355)․․․

Մարդկայնության դեմ գործված ոճիրների դեմ ամբողջ կյանքում ակտիվ պայքար մղած այս անխոնջ գործիչը շատ անժամանակ հեռացավ այս կյանքից․․․

Մելինե Անումյան

Akunq.net

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica