close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար. փորձագետ

Հարցազրույց

26 Նոյեմբերի 2021, 12:01
 Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից աղետալի հետևանքներ կունենա  Հայաստանի համար. փորձագետ

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին  իրադարձությունների, պանթուրքիզմի գաղափարախոսության, օրեր առաջ Էրդողանին մատուցված՝ թուրքական աշխարհի  քարտեզի մասին Yerkir.am-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

 

-Պարո՛ն Պետրոսյան, ուժերի ինչպիսի՞ դասավորություն է Այսրկովկասում Արցախյան վերջին գոյապայքարից հետո: Մասնավորապես, Թուրքիան, կարծես, բավականին ամրացրել է դիրքերը:

- Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում արձանագրվեց ուժային հստակ փոփոխություն։ Մասնավորապես՝ Ռուսաստանը և Թուրքիան ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում և՛ հետպատերազմյան գործընթացներում, և՛ տարածաշրջանում ունեցած իրենց ազդեցությամբ։ Իսկ նախկինում  իրենց դերակատարությունը ունեցող մի շարք երկրներ` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների առումով զգալի ազդեցություն ունեին տարածաշրջանային գործընթացներում և, հատկապես, Արցախյան հակամարտության կարգավորման գործում, մեծ հաշվով զիջեցին իրենց դիրքերը։

Տարածաշրջանային գործընթացներից դուրս մնաց Իրանը, քանի որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել պատերազմից հետո, որոնցում ավելի ազդեցիկ էր Ռուսաստանի և Թուրքիայի դերը, փաստացի որևէ հնարավորություն չէր ընձեռում Իրանին տարածաշրջանային գործընթացներին իր մասնակցությունը ունենալու։

Պետք է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որոշակի նոր ձևաչափի հիմքեր ստեղծեց, որի նպատակը ոչ միայն հրադադարի հաստատումն էր, այլև Արցախյան հակամարտության, Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի կարգավորումը։ Այդ փաստաթուղթը ճանապարհային քարտեզ է, որը ենթադրում է տարածաշրջանում կայունության հաստատման, հարաբերությունների վերականգման որոշակի գործընթաց։ Եվ հենց այս փաստաթղթի շնորհիվ Ռուսաստանն իր ազդեցությունը հզորացրեց տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կարելի է դիտարկել երկու ուղղություն։ Նախ՝ ռուս-թուրքական` հրադադարի վերահսկման  ընդհանուր մոնիթորինգի կենտրոնի ձևավորումն էր և դրանում Թուրքիային վերապահված որոշակի պարտականությունները. եթե մինչ այդ տարածաշրջանում Թուրքիան որևէ շոշափելի դերակատարություն չուներ, ապա Արցախյան կարգավորման գործընթացում ունեցավ այն դերը, որին ձգտում էր։ Մյուս կարևոր ձեռքբերումն իր սեփական ազդեցության աննախադեպ տարածումն էր Ադրբեջանում,  այդ երկրի գրեթե բոլոր բնագավառներում, անգամ՝ հասարակության շրջանում, մեծ հեղինակություն ունենալն էր։ Եվ վերջինը՝ տարածաշրջանային հարթությունում կապիտալիզացնելու փորձն է, որը Անկարան փորձում է կյանքի կոչել 3+3 ձևաչափով։

-«Զանգեզուրի միջանցքի»  բացման պարագայում Թուրքիան կարո՞ղ է իրագործել իր դարավոր երազանքը` իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը։

-«Զանգեզուրի միջանցքի» նախագիծը`լինելով թուրք-ադրբեջանական նախագիծ, ծառայելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Այն ոչ միայն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովման համար է, այլև ավելի լայն իմաստով` այն կապ է ամբողջ թուրքախոս աշխարհի հետ։ Առաջին հայացքից սա Ադրբեջանի համար ներկայացվող նախագիծ է, բայց ռազմավարական նպատակները միտված են բավարարելու Թուրքիայի իշխող վարչակարգի հավակնությունները, կամ ավելի գլոբալ` պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործումը։ Ինչ վերաբերում է միջանցք ստանալու՝ Ադրբեջանի ձգտմանը, բնականաբար, Հայաստանը պետք է ձգտի բոլոր հնարավոր մեխանիզմներով խուսափել միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ տրամադրելու հնարավորություններից։ Առանց չափազանցնելու պետք է նշեմ, որ այդ ուղղությամբ պետք է իրականացվեն բոլոր հնարավոր ջանքերը՝ և՛ ռազմական ուժի առումով, և՛ դիվանագիտական՝ փորձելով համախմբել համախոհ երկրներին, որոնք կգնահատեն սպառնալիք-ճանապարհի հնարավոր տրամադրումն Ադրբեջանին։

-Wargonzo տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Սյունիքի վերջին մարտական գործողություններից հետո, Մոսկվան ուժեղացված պարեկային ծառայության է անցկացնում հայ-իրանական, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմաններին։ Ձեր կարծիքով՝ Մոսկվան ինչպիսի՞ հեռահար  նպատակների է ձգտում հասնել։

-Ռուսաստանի հիմնական նպատակը նոյեմբերի 9-ի ձևաչափով իրեն վերագրած պարտականությունները հնարավորինս անցնցում իրականացնելն է։ Կարճաժամկետ հեռանկարում, Ռուսաստանի հիմնական մարտավարությունը  կարող ենք դիտարկել այս տրամաբանությամբ։ Բայց երկարաժամկետ հեռանկարում, բնականաբար, Ռուսաստանի շահերը բոլորովին այլ են. այս տարածաշրջանում վճռորոշ դերակատարում ստանձնել՝ թույլ չտալով, որ այս տարածաշրջանում որևէ այլ դերակատար մեծացնի իր դերը, որովհետև մենք տեսնում ենք ակտիվ փորձեր Իրանի կողմից` վերականգնելու  իր կորցրած դիրքերը, Թուրքիայի կողմից`ամրապնդելու իր դիրքերը, և Ռուսաստանը փորձելու է ամեն կերպ չեզոքացնել այս երկրների փորձերը` զուգահեռ նաև Արևմտյան երկրներինը։ Այսինքն՝ Ռուսաստանը ունի մեր տարածաշրջանի հետ կապված բավականաչափ երկարաժամկետ ծրագրեր։

-Պանթուրքիզմի գաղափարախոսության  բարձրակետն օրեր առաջ Ռ. Թ. Էրդողանին մատուցված՝ թուրքական աշխարհի   քարտեզն էր, որը  հստակ ուրվագծում է այն բոլոր երկրներն ու ուղղությունները, որոնց հարցում տարիներ շարունակ Անկարան նպատակային քաղաքականություն է վարել։ Այդ երկրներից անմասն չմնաց նաև Ռուսաստանը։ Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում այս առումով։

-Թուրքիան մի քանի տասնամյակ նպատակային քաղաքականություն է վարել այդ ուղղությամբ, այսինքն՝ նախկին Օսմանյան կայսրության տարածքներում աստիճանաբար սեփական ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Թուրքիան նպատակային քաղաքականությամբ ցանկանում է այդ քարտեզով նշված տարածաշրջաններում ամրապնդել իր դիրքը`անհրաժեշտության դեպքում որևէ ձևաչափով միավորելու դրանք։ Այն հիմնված է ազգային գաղափարի հենքի վրա։ Այսինքն՝ այդ քարտեզը  հստակ քարոզչական, ինչպես նաև ծրագրային փաստաթուղթ է, թե ինչպիսի ուղղությամբ է Թուրքիան իր ազդեցությունը տարածելու, իսկ այդ գաղափարախոսությունը հիմնվելու է պանթուրքիզմի գաղափարախոսության հիման վրա։ Անկարայի քաղաքականությունը միտված է ազդեցիկ դերակատարություն ունենալ մի քանի տարածաշրջանում, ինչպես նաև աշխարհում։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Դ. Պեսկովի  մեկնաբանությունը թուրքական աշխարհի քարտեզի թեմայով։

-Իմ կարծիքով՝  այս մեկնաբանությունն ընդամենը հասարակական, քաղաքական դաշտում այդ քարտեզի տարածումից առաջացած աղմուկը լռեցնելու միջոց էր։ Ռուսաստանը փորձում էր ցույց տալ, որ ամեն դեպքում իրենք հետևում են թուրքական քարոզչությանը։ Բայց Թուրքիայում իշխող կոալիցիայի կողմից քարտեզի վերհանումը միայն քարոզչական բնույթ չէր հետապնդում։ Այո, դիվանագիտական հռետորաբանության ձևի առումով ամեն բան կարգին է՝ Թուրքիայում իշխող կոալիցիայի առաջնորդների, այդ թվում՝ նախագահի քարոզչական քայլին պատասխան է հնչում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի մակարդակով։ Իսկ այդ բովանդակության մասով հնչած խոսքը, ըստ էության, ուղիղ զարգացում-հիմնավորումն է նույն քննակրկվող քարտեզի քարոզչական ուղերձների։ Քարտեզը Թուրքիայի քաղաքականության հեռանկարային ծրագրի հրապարակային մասն է, որի համար ծախսում են ահռելի ռեսուրսներ՝ քաղաքական, տնտեսական, մարդկային, ռազմական, փորձում են ստանալ-կառուցել «ճանապարհ-միջանցքներ»։ Իսկ ինչ է անում Ռուսաստանը, ոչ միայն չի խոչընդոտում, այլև իր քաղաքականությամբ միայն «կարմիր գորգով» է պատում նաև դեպի Սուրբ Ալթայ տանող ճանապարհները։ Եթե մենք դիտարկում ենք ձևի առումով, առ այն, որ Ռուսաստանը արձագանքեց դրան, նաև ցույց տալու, որ թուրքական նախահայրենիքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, բայց որևէ կերպ չհակադարձեց, որ Թուրքիայի կողմից տարածքների հավակնությունը կարող է խնդիրներ առաջացնել, այլ, ընդհակառակը, ինչպես ընդունված է ռուսական քարոզչության մեջ, ձևը ավելի կարևոր է, քան բովանդակությունը։

-Ներկայումս լարված են ռուս-թուրքական հարաբերությունները։ Արդյո՞ք լարվածությունը կվերածվի արյունահեղ պատերազմի, իսկ Հայաստանի տարածքը կդառնա ռազմական թատերաբեմ։

-Մեր տարածաշրջանում ոչինչ բացառել չի կարելի։ Բայց ներկա գործընթացները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր հիմնական դերակատարները փորձում են իրենց խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, քանի որ նման ռազմական բախումը կհանգեցնի տարածաշրջանային պայթյունի։ Այսօր Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա են բավականաչափ խնդիրներ, բայց, զուգահեռաբար, առկա է համագործակցություն` Ռուսաստանը և Թուրքիան հստակ դերաբաժանում ունեն մի շարք հակամարտությունների կարգավորման գործում։ Նույն սիրիական հակամարտության կարգավորման գործում այս երկու երկրները կարողացել են վերահսկելի և բանակցային  կարգավորման որոշակի փուլ տեղափոխել խնդիրը։ Մոսկվայի և Անկարայի միջև որքան էլ թեժ լինի մրցակցությունը, այնուամենայնիվ,  ներկա առաջնորդների կառավարման շրջանում նրանց հաջողվել է խուսափել լուրջ առճակատումից և բոլոր խնդիրները լուծել  բանակցությունների սեղանի շուրջը։ Իսկ ինչ վերաբերում է՝ Հայաստանը կդառնա՞ ռուս-թուրքական հնարավոր պատերազմի թատերաբեմ, թե՞ ոչ. ինչպես հայտնի է պատմությունից, բոլոր ռուս-թուրքական պատերազմները ընթացել են երկու ճակատով` կովկասյան և բալկանյան, սա էլ բացառություն չի լինի։

-Ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում ինչպիսի՞ դիրք կստանձնի Իրանը։

-Իրանը կստանձնի չեզոք դիրք, քանի որ նրան այլ բան չի էլ մնում։ Իրանը այսօր ներուժ չունի լուրջ պատերազմական գործողության միջամտելու։ Նման դեպքում Իրանի թիվ մեկ խնդիրը դառնալու է սեփական երկրի տարածքային ամբողջականության պահպանումը։ Իրանի համար կա մտավախություն, որ որևէ լայնամաշտաբ պատերազմի դեպքում փորձ է արվելու Իրանի մասնատման պրոցես սկսել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի, ինչպես նաև Արևմուտքի մի շարք երկրների կողմից։

-Ինչպիսի՞ հետևանք կունենա Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից։

-Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Ռուսաստանի հեռացումից հետո տարածաշրջանում թեժ մրցակցություն է սկսվելու` թափուր տեղը լրացնելու համար։ Այս պահին ամենամեծ հնարավորություններն  ունի Թուրքիան։

 

Լենա Կարապետյան 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica