close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական մտքի տհասություն ունեն այս իշխանությունները․ Վահագն Գարագաշյան

Քաղաքական

27 Հոկտեմբերի 2021, 21:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական մտքի տհասություն ունեն այս իշխանությունները․ Վահագն Գարագաշյան

Սփյուռքը Ցեղասպանության արդյունք է՝ թուրքի նպատակը Հայաստանի անէացումն է, իսկ Արցախյան վերջին պատերազմը պանթյուրանիզմի ծրագրի մաս է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի խմբագիր Վահագն Գարագաշյանը, որի նախնիները մասնակցել են Մուսա լեռան հերոսամարտին, ապա գերդաստանը Կիլիկիայից տեղափոխվել Լիբանան՝ եղել Այնճարի հիմնադիրներից, իսկ այժմ էլ նա հաստատվել է Մոնրեալում։

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգորդ սերունդ մեզ համար ոչ միայն տարօրինակ է այս իշխանությունների ընթացքը, այլև մտածել է տալիս, որ, մանավանդ երբ այսպիսի ճգնաժամային օրեր է ապրում համայն հայությունը, ինչպիսի քաղաքական ուղեգիծ են որդեգրել այս իշխանությունները․ նման քաղաքական ուղեգիծը, որն, ըստ իրենց, ենթադրում է թշնամի երկու հարևան երկրների հետ ապաշրջափակման գործընթաց սկսել՝ կարծելով, որ այդ գործընթացի միջոցով ապագայում կունենանք տնտեսապես կայուն պետություն, ամենամեծ սխալն է և փաստում է, որ իսկապես քաղաքական մտքի տհասություն ունեն այս իշխանությունները»,-ասաց Վահագն Գարագաշյանը։

Նա վստահ է, որ այս գործընթացը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար, և համայն հայությունը պետք է աշխատանք տանի, որ այդ ընթացքը կասեցվի այնպես, ինչպես տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը կասեցվեց։

Սփյուռքն ունի այդ փորձառությունը՝ Սփյուռքը Ցեղասպանության արդյունք է, փաստեց նա, թուրքի նպատակը Հայաստան պետության վերջնական անէացումն է, որովհետև ունի պանթուրանական իր հստակ ծրագիրը։

«Եթե ոմանք կարծում են, որ համաթուրանականությունն այսօր պարզապես առասպել է, շատ են սխալվում, արդյունքը՝ Արցախի վերջին պատերազմը, որը մաս է  կազմում թուրքական այդ մեծ ծրագրին»,-ասաց Վահագն Գարագաշյան։

Հայաստան պետության այսօրվա իշխանություններն ու Սփյուռքը համատեղ օրակարգ ձևավորելու խնդիր ունեն այսօր․ Ցեղասպանության հետևանք Սփյուռքը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցի հետապնդումից, մինչդեռ ՀՀ իշխանությունները Թուրքիայի հետ բարեկամանալու ազդակներ են ուղարկում։ Վահագն Գարագաշյանը համոզված է, որ եթե քաղաքական գիծն այս ուղղությամբ ընթանա՝ առաջիկայում հարցեր են առաջանալու։

«Սփյուռքում գործող ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերը 40-50 տարվա իրենց աշխատանքների արդյունքով հասել են մեծ պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունման։ Դրանք իսկապես տարիների աշխատանքի արդյունք են։ Հիմա եթե այս իշխանությունների կողմից նման գործընթաց սկսվի, իսկապես որոշ պետություններ հարցականի տակ են առնելու, թե այսքան տարի ձեր դատի հետապնդումից հետո այս ներկա ընթացքը ի՞նչ է։ Բայցևայնպես աշխարհում գործող մեր Հայ դատի հանձնախմբերը վճռական են․ անցյալում էլ ունեցել ենք մարտահրավերներ, այսօր նույնպես ունենք մարտահրավերներ,  իսկ այսօրվա մեր գլխավոր մարտահրավերը Արցախն է, որովհետև Արցախն այսօրվա դրությամբ լքված է»,-ասաց Վահագն Գարագաշյանը։

Արցախն ուրանալու նոր մտայնությունը ամենավտանգավորն է՝ համոզված է նա։

«Բերեմ Կանադայի օրինակը․ Կանադայի և Դանիայի միջև ջրային սահմանի վրա կա փոքր կղզի, որ կոչվում է Հանս այլնդ։ Այս կղզու տարածքը 1,3 քառ․ կմ է։ Կանադայի տարածքը 9 մլն․ 985 հազ․ քառ․ կմ է։ Բայց Կանադան որպես ինքնիշխան պետություն ասում է՝ այս կղզին ինձ է պատկանում իրավականորեն։ Իսկ Դանիայի Հանրապետությունն ասում է՝ ոչ, այս կղզին ինձ է պատկանում։ Ուրեմն տարին մեկ անգամ յուրաքանչյուր երկիր փոքր մարտանավերով գալիս է այս կղզին, իջեցնում մյուս երկրի դրոշն ու բարձրացնում իրենց դրոշը։ 9 մլն․ 985 հազ․ քառ․ կմ տարածք ունեցող երկիրը պայքարում է 1,3 քառ․ կմ տարածքի համար։ Իսկ մենք արդեն կորցրել ենք 10 հազար քառ․ կմ և այսօր արդեն պատմական Հայաստանի այդ ամբողջ տարածքը ուրանալու ընթացքի մեջ ենք»,-ասաց Վահագն Գարագաշյանը։

Նա վստահ է, որ սփյուռքահայ նախակրթարանի որևէ աշակերտի եթե հարցնես՝ Արցախն ուրանալը դավաճանությո՞ւն է, հստակորեն կպատասխանի՝ Արցախն ուրանալը դավաճանություն է և ազգադավություն։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն
5 Դեկտեմբերի 2021, 23:25 Շենիկում հաղթել է ՀՅԴ-ն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica