close
Եղանակը Երևանում
30 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս կարող ենք Թուրքիայի հետ սահմանը ճանաչել, երբ մեր տարածքի զգալի մասը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ․ Յուրի Սուվարյան

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 18:04
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս կարող ենք Թուրքիայի հետ սահմանը ճանաչել, երբ մեր տարածքի զգալի մասը գտնվում է Թուրքիայի տիրապետության տակ․ Յուրի Սուվարյան

Նույնիսկ Խորհրդային տարիներին մինչև Ստալինի մահը չէին ճանաչում Թուրքիայի այն սահմանը, որը կար և հիմա էլ կա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, որը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Մենք ինչպե՞ս կարող ենք այդ սահմանը ճանաչել, երբ մեր տարածքի զգալի մասը՝ Սուրմալուն, Կարսի նահանգի մի մասը գտնվում են Թուրքիայի տիրապետության տակ։ Նույն տրամաբանությամբ՝ Նախիջևանը, Արցախը․․․ պետք է չափազանց լուրջ մոտենալ այդ խնդրին, դրան կհաջորդի մյուս տարածքների պահանջը, չէ՞ որ, ըստ Ալիևի, «Էրիվանն» էլ է իրենցը, այնպես որ պիտի այդ խնդրում շատ զգույշ լինել և ձեռնպահ մնալ նման քայլերից»,-ընդգծեց Յուրի Սուվարյանը։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չափազանց վատ հետևանքներ ունեցան մեր ժողովրդի համար, նշեց նա, ահագին տարածքներ մեր տարածքներից հանձնվեցին Ադրբեջանին, մի մասը՝ Թուրքիային,  և ցավալին այն է, որ ուղիղ 100 տարի հետո նույն այդ պատմությունը ավելի դաժան սցենարով կրկնվեց՝ հիմա էլ կորցրինք Արցախի տարածքի զգալի մասը, և վտանգ է սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

«Ինչպե՞ս վարվենք, որ նման երևույթները չկրկնվեն՝ այս հարցը ինձ շատ է մտահոգում․ ես եկել եմ այն համոզման, որ ուղղակի մեր հանրության, քաղաքական էլիտայի քաղաքագիտական մակարդակը այնպիսին պիտի լինի, որ կարողանան պատմական ցանկացած իրադարձության նախօրյակին ճիշտ հաշվարկել մեզ սպառնացող ռիսկերը, սպառնալիքները, ճիշտ գնահատել հնարավորությունները և հույսը չդնել այս կամ այն երկրի վրա, այլ սեփական ուժերով փորձել երկրի խնդիրները լուծել»,-ասաց Յուրի Սուվարյանը։

Նա նկատեց, որ ինչ-ինչ պատճառներով՝ գուցե երկար ժամանակ պետականություն չունենալու կամ գուցե այլ (դա խնդիր է, որը պետք է պարզել), մեր հանրության մոտ անկախ պետականության կարևորության գիտակցումը բարձր չէ։

«Մինչդեռ պիտի միշտ հասկանալ, որ թե՛ ցեղասպանությունները, թե՛ տարածքային կորուստները, թե՛ բոլոր մյուս չարիքները պայմանավորված են նրանով, որ ժողովուրդը, ազգը չունի ամուր պետականություն․ պետք է շատ բարձր գնահատել պետականությունը և ձգտել ամուր պահել պետականությունը, իսկ դրա համար պետք է նաև ունենալ հզոր ռազմարդյունաբերական համալիր, որպեսզի ունենանք մարտունակ բանակ։ Առանց մարտունակ բանակի պետականություն ունենալ հնարավոր չի լինի ցանկացած տարածաշրջանում, ամեն պետություն պիտի կարողանա իր շահերը պաշտպանել բանակցություններում, և եթե հարկ կա նաև ուժի միջոցով»,-ասաց Յուրի Սուվարյանը։

Մենք պիտի այս երկու ճշմարտությունները լավ հասկանանք, ընդգծեց նա, միշտ պետք է կարողանանք քաղաքական ռիսկերը ճիշտ գնահատել, մեր հնարավորությունները ճիշտ գնահատել, միշտ նայենք հեռուն, երկարաժամկետ հորիզոնում տեսնենք մեր երկրի շահերը և հիշենք, որ ազգային արժեքների պաշտպանությունը, երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, բնակչության ֆիզիկական գոյության պաշտպանությունը պայմանավորված են ամուր պետականության գոյությամբ։

Յուրի Սուվարյանի համոզմամբ՝ սրանք են այն հիմնական ուղիները, որոնցով կարող ենք խուսափել Կարսի և Մոսկվայի պայմանագրերի կրկնությունից։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica