close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ առաջին տիկինը Արցախում Ռուսաստանն անվանել է մեր թշնամին․ Մետաքսե Հակոբյան

Քաղաքական

13 Հոկտեմբերի 2021, 20:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ առաջին տիկինը Արցախում Ռուսաստանն անվանել է մեր թշնամին․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանի Հանրապետության առաջին տիկինը, երբ սեպտեմբերի 30-ին գտնվում էր Արցախում, առանց թաքցնելու հակառուսական քարոզչություն արեց, ուղղակի այն հեռուստաընկերությունները, որոնք այդ պահին նկարահանում էին, չգիտես ինչու, հենց այդ մասը եթեր չտվեցին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Առաջին տիկինն ասաց՝ այն պետությունը, որը վերջին 100 տարիներին ցույց է տվել, իբր մեզ բարեկամ է, բացարձակ մեր բարեկամը չէ, այլ հակառակը՝ թշնամին է, և նրա թշնամության հետևանքով այսօր բոլորս հայտնվել ենք այս իրավիճակում»,-մանրամասնեց պատգամավորը։

Նա մտահոգություն հայտնեց, որ Հայաստանի և Արցախի իշխանավորների կողմից Ռուսաստանի դեմ քարոզչությունը պարզ երևում է սոցիալական հարթակներում։

«Ֆեյսբուքում կարող եք տեսնել գերատեսչությունների ոչ ցածր պաշտոնյաների կողմից տարվող հստակ հակառուսական քարոզը, ինչու չէ նաև հենց գերատեսչության ղեկավարների կողմից։ Գերատեսչությունների ղեկավարները չէին կարող ուղիղ կապ ունենալ ադրբեջանցիների հետ, դա կոնկրետ հրահանգ է Հայաստանի իշխանություններից, որովհետև ինչքան էլ այսօր իրենք խոսեն լավ հարաբերությունների մասին ռուսական կողմի հետ, գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի ներդրված իշխանություններ են Արևմուտքից, Թուրքիայից, նրանք չեն կարող սպասարկել Հայաստանի և Ռուսատսնի շահերը, որոնք երբեմն նույն գծով են գնում, որովհետև ՀՀ իշխանությունների գիծը ուրիշ է»,-վստահեցրեց պատգամավորը։

Նա հակառուսական քարոզչություն համարեց թեկուզ հենց Ամարասի վանքի վրայից դրոշն իջեցնելու պատմությունը։

«Այդ օրը մենք հենց Մաճկալաշեն գյուղում էինք, և երբ դրոշը հանեցին, մենք հանդիպում էինք գյուղացիների և համայնքապետի հետ․ համայնքապետն ասաց՝ բա իհարկե, եթե իրենք ասում են՝ պիտի հանվի, մենք ասացինք, բայց ինչո՞ւ եք այդպես ասում՝ նախ ի սկզբանե պիտի վանքի վրա դրոշ չլիներ, բայց եթե դրել եք՝ պիտի տեր լինեք։ Ռուս խաղաղապահների գործողությունները պետք է հասկանալ, որովհետև նրանք փորձում են այնպես անել, որ որևէ սադրանք չլինի, կրակոց ադրբեջանցիների կողմից չլինի, այդ պատճառով նրանց համար ավելի հեշտ է պահանջել դրոշի իջեցումը, բայց մեր կողմը որևէ հակադարձում դրան չարեց։ Պետք էր երկխոսություն, որը չարվեց։ Եվ բնակիչները թասիբի ընկնելով՝ հերթով օրը մեկը գնում, դնում էր, ռուսական կողմը հորդորում էր՝ իջեցնում էին»,-պատմեց Մետաքսե Հակոբյանը։

Իշխանությունները՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, եկել են ստով ու կեղծիքով և չեն դադարել իրենց այդ քաղաքականությունը թե՛ պատերազմից առաջ, թե՛ ողջ պատերազմի ընթացքում հատկապես և շարունակում են առայսօր՝ համոզված է նա։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, պատգամավորի խոսքով, մեր հասարակության մեջ սերմանվեց, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են Արցախում և այսուհետ անվտանգային որևէ խնդիր Արցախում չի լինի, այնինչ իշխանությունները կրկին անգամ ազնիվ չեղան ժողովրդի հետ և չմանրամասնեցին, որ դեռ խաղաղապահների գործառույթների իրավական բնորոշումը չկա։

Արցախի նախագահի հրաժարականը պահանջողներին հակադարձում էին, որ եթե նա հրաժարական տա, ապա նոր ընտրություններ Արցախում, հնարավոր է, չլինեն․ սա պատգամավորի համար անընդունելի է, քանի որ այսպես ասողները Արցախի պետականությունը և գոյությունը պայմանավորում են իրենց անձով։

«Փաստ է, որ հայկական կողմը չունի երկխոսություն ռուսական կողմի հետ, համենայն դեպս, դա այն առողջ երկխոսությունը չէ, ինչպես փորձում են ներկայացնել Հայաստանի իշխանությունները և այդպիսի մի շղարշի ներքո է քայլում Արցախի իշխանությունը՝ ցույց տալով, որ ինքը ռուսական կողմի հետ շատ լավ սերտ կապեր ունի։ Բայց գաղտնիք չէ, որ այդ կապերն արտահայտված են նրանով, որ Արայիկ Հարությունյանը, հաճախակի լինելով Ռուսաստանի Դաշնությունում, հանդիպում է այնտեղի հայ համայնքի գործարարների հետ և ուղղակի ֆինանսական հարցեր է կարգավորում, որևէ այլ կերպ իր գործառույթերը սահմանված չեն և չկան՝ ո՛չ անվտանգային, ո՛չ բանակցային հարցեր չեն քննարկվում։ Արցախի անվան տակ գումար է հայթայթում, միգուցե ինչ-որ բաներ արվում են, բայց դրան առանձին կանդրադառնանք»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Զուգահեռ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն է ամեն անգամ ասում՝ շատ լավ հարաբերությունների մեջ է ՌԴ իշխանությունների հետ, այնինչ որևէ կերպ դա չի դրսևորվում։

Խոսելով Մարտակերտում 55-ամյա խաղաղ հայ քաղաքացուն ադրբեջանցի դիպուկահարի սպանելու մասին՝ Մետաքսե Հակոբյանը նշեց, որ նախկինում էլ Ադրբեջանը սադրանքներ թույլ էր տալիս, բայց Արցախի անվտանգությունը պահվում էր այնպես, որ խաղաղ բնակիչը որևէ կերպ չէր առերեսվում դրան, պետությունը ու հայկական բանակը դա ապահովում էին, իսկ այս իշխանությունների օրոք շատ կտրուկ է իրավիճակը փոխվել, և յուրաքանչյուր խաղաղ բնակիչ պետք է կարողանա ինքնուրույն իր անվտանգությունը ապահովել։

«Այն ինչ կատարվեց՝ տրամաբանական էր, ընդամենը Փաշինյան-Պուտին հանդիպումից երկու օր առաջ էր, որ հստակ մեսիջ էր հայկական ու ռուսական կողմին։ Բազմիցս ռուս խաղաղապահներին բնակիչները դիմել էին, որ ադրբեջանցիները թույլ չեն տալիս այգեգործական աշխատանքներ կատարել և ռուս խաղաղապահին ինքն էր հենց առաջարկել իր կողքին նստել՝ վստահ լինելով, որ որևէ սադրանք ադրբեջանցիների կողմից չի լինի։ Բայց ադրբեջանցին, իր կերպարի մեջ, խախտել էր պայմանավորվածությունը»,-ասաց նա։

Ամենակարևորն այստեղ, ըստ պատգամավորի, այն է, որ ադրբեջանցիները դա արել էին՝ վստահ լինելով, որ հայկական կողմից արձագանք չի լինելու։ Արձագանքը եղավ միայն դատախազության կողմից, սակայն չեղավ որևէ արձագանք քաղաքական գործիչների կամ իշխանությունների կողմից։

«Հայկական կողմը ևս չի հստակեցրել ռուսական կողմի հետ ռուսական կողմի գործառույթները թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ Արցախի Հանրապետութան տարածքում։ Որովհետև ռուս խաղաղապահները խաղաղ, բարի են իրենց պահում, նույնիսկ շատերը փորձում են մեր լեզվով բարևել, որ բնակչությունը հասկանա, որ նրանք եկել են խաղաղությունը պահպանելու, և այդ ֆոնի վրա Հայաստանի Հանրապետության իշխանությունները Արցախի Հանրապետության իշխանություննեի բերանով հակառուսական քարոզչություն են իրականացնում Արցախում՝ չբացահայտելով, որ խաղաղապահների գործառույթները հստակեցված չեն»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica