close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկը հայերեն ձեն էր տալիս՝ «եկեք, եկեք», Մհերը զգաց, որ սրանք հայեր չեն․ ինչպե՞ս են Վարնկաթաղի բարձունքը հետ բերել ՀՅԴ կամավորները

Հասարակություն

6 Հոկտեմբերի 2021, 22:17
 Մեկը հայերեն ձեն էր տալիս՝ «եկեք, եկեք», Մհերը զգաց, որ սրանք հայեր չեն․ ինչպե՞ս են Վարնկաթաղի բարձունքը հետ բերել ՀՅԴ կամավորները

Ընդամենը մեկ ժամ կարողացավ թշնամին գրաված պահել Վարնկաթաղի բարձունքը։ Մատաղիսից դեպի Տոնաշեն հատվածի լեռնագագաթների պաշտպանության համար պատասխանատու Դաշնակցության կամավորները անմիջապես էլ հետ վերցրին այն։ 24 տղաներ, այդ թվում վաշտի հրամանատարը՝ Ճուտ Մհերը (Մհեր Հարությունյան), հավերժացան բարձունքի համար պայքարում։

Հոկտեմբերի 4-ի գիշերով էին ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ-ի կամավորները զբաղեցրել այդ տարածքի դիրքերը։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան, թշնամին գրոհեց ու վերցրեց Վարնկաթաղի բարձունքը։ Մեկ ժամ էլ չանցած՝ դաշնակցական կամավորներն ու Մարտակերտի դիվիզայի հատուկ նշանակության վաշտի տղաները համատեղ գրոհով արդեն այն հետ էին վերցրել։

Զոհերին հնարավոր եղավ կրակի գոտուց դուրս բերել միայն հոկտեմբերի 10-ին, երբ հրադադարի փորձ եղավ։ Վիրավորներին ավելի շուտ՝ ոտքով հանեցին, մեքենաներ բարձրացնելն անհնար էր։

Հրամանատարը՝ Ճուտ Մհերը, զոհվեց խնդիրը կատարելուց՝ բարձունքը հետ վերցնելուց հետո, երբ վիրավորի վրա թեքված փորձում էր սրսկել։ Արկը հենց կողքին էր պայթել ու հարվածել նրան։

«Հոկտեմբերի 4-ին, երբ բարձրացանք, դիրքերը համարյա դատարկ էին։ Դիրքեր բարձրանալու ամբողջ ընթացքում ռմբակոծություն էր, երևի տեղեկություն էին ստացել, որ համալրում է գալիս։ Մեքենան խփվեց, որի մեջ զինամթերքն էր։ Հրետանային բոլոր միջոցներով ռմբակոծում էին։ Այդ բարձրանալու ընթացքում ունեցանք 2 վիրավոր։ Արդեն հասկացանք, որ հրետանու նշանառության տակ ենք, բայց դե հրաման էր, պիտի բարձրանայինք ու վերջ՝ հասնեինք մեր տեղերը։ Անծանոթ տարածք էր, բայց քանի որ նախապես փոքրիկ հետախուզություն էր արվել մեր հրամանատարության կողմից, կարողացան ճիշտ ուղեկցել մեզ, ճիշտ դասավորումներ անել»,-Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ կամավորական Գևորգ Հակոբյանը։  

Տարածքը կարևոր էր, քանի որ Մատաղիսից եկող հարվածի դեմն էր փակում։ Եթե թշնամին դա գրավեր, ճանապարհն արդեն բացվելու էր Մաղավուզով դեպի Մարտակերտ քաղաք և արդեն անկասելի էր դառնալու նրանց առաջընթացը․ դեպի Սարսանգի ջրամբար մի ահռելի կորուստ էր սպասվում, նաև «Եղնիկներ» զորամասն էր շրջափակման մեջ ընկնելու։   

Սարսափելի եղանակ էր՝ մառախուղ, մանր անձրև, ցեխ, շարժվել հնարավոր չէր։ Այդ տարածքը առաջնագիծ չէր եղել և կահավորված դիրքեր չկային։ Հենց իրենք խարամատներ փորեցին, դիրքավորվեցին։

Հոկտեմբերի 6-ի առավոտյան կրակոցներ ու տղերքի բարձր աղաղակները լսեցին։ Վաշտի հրամանատարը Գևորգենց դասակի հետ էր դիրքավորել․ նրանց հետ էր մնացել, որ Մատաղիսից բարձրացող ճանապարհը վերահսկի։ Հարվածի հավանական ուղղություններից էր։ Սպասում էին, որ թշնամին ճանապարհից պիտի գա, բայց երևի նրանք էլ էին հասկացել, որ իրենց այդտեղ սպասում են, այդ պատճառով էլ փոխել էին մտադրությունն ու սարի վրայից հարձակվել՝ պռոշյանցիների դասակի ուղղությամբ՝ հեռուստաաշտարակի հատվածում։

Կրակոցների ու աղաղակների վրա հրամանատարը հրազդանցի Ռազմիկ Խաչատրյանի, Վաչագան Երիցյանի ու մի քանի այլ տղաների հետ բարձրացավ  վերև։ Բարձրանալիս ասաց՝ ուշադիր  եղեք՝ հաջորդ հարվածն այստեղ է լինելու։

Ռազմիկը հիշում է, որ առավոտ շուտ էր՝ լույսը դեռ չբացված։ Հրամանատարը՝ Մհերը, որն անընդհատ կապի մեջ էր առաջին դասակի հետ, այդ ժամանակ ինչքան փորձում էր կապի դուրս գալ, կապի դուրս չէին գալիս։

«Իրար հետ բարձրացանք։ Երբ արդեն պիտի մոտենայինք՝ մի քանի մետր էր մնում, որ հասնենք, տեսնում ենք՝ մի հոգի կանգնած է, դե մառախուղ էր, անձրև էր, շատ վատ եղանակ էր, ցուրտ, մի կերպ էր երևում դիմացդ։ Էնտեղ մեկը հայերեն ձեն էր տալիս՝ «եկեք, եկեք», Մհերը զգաց, որ սրանք ոնց որ հայեր չեն, ինձ ձեն տվեց՝ կանգնի, կանգնի։ Էդ մեր կանգնելը, իրենց այդ կողքերից ելնելը, իրենց լեզվով գոռգոռալը ու կրակելը մեկ եղավ։ Մի կերպ հասցրինք մեզ գլորվելով գցել ձորը»,-պատմեց Ռազմիկ Խաչատրյանը։

Վազելով շուտ գնացել են, որ մեր մյուս տղերքին էլ ասեն՝ մոտիկ են արդեն, եկել են։ Մհերը հրամայել է շրջանաձև պաշտպանություն կազմել, որ բարձրանան սարը։

«Արդեն պատրաստվում էինք, որ ով որտեղ ինչ անի, որ դիրքը նստի, ով է բարձրանում, ոնց է լինում, էդ ընթացքում Ղարաբաղի սպեցազի տղերքից եկան մի 4-5 հոգի։ Մհերը ձայն տվեց՝ ո՞ւր եք գնում, ասացին՝ վերևը ինչ-որ դեպք է պատահել, գնում ենք տեսնենք՝ ինչ է եղել։ Մհերը կանչեց բերեց մոտիկ, բացատրեց ինչ է եղել, որ՝ մենք գնացել ենք արդեն իրենք են էնտեղ, սենց միամիտ գնալ պետք չէ, կգնաք կկոտորվեք։ Իրենց հարմանատարի հետ կապվեց ռացիայով, պայմանավորվեցին, որ եթե բարձրանում են սարը գրավելու՝ ինքն է առաջնորդելու»,-պատմեց Ռազմիկը։  

Այդ ընթացքում արդեն մեր ջոկատին է տեղեկություն հասնում, որ վերևը տղերքը բոյի մեջ են, հիշեց նա, մեր հրամանատարը վիրավորվել էր՝ ընկեր Հարմիկ Հովսեփյանը, Մխիթար Մխիթարյանն էր փոխարինում, ճանապարհի կեսին Մխոն էլ եկավ, միացավ իրենց։

«Բարձրանալիս հրետանին է աշխատել, իրենց սնայպերը, իրենց ՊԿ-ն։ Երբ հասանք բարձունքի գլուխը, սնայպերը խփեց՝ մեր տղերքից մի երկու հոգու վիրավորեց, վիրավորներին իջեցրել ենք, տեսել ենք թուրքերին արդեն շատ մոտիկ հեռավորությունից, սաղին պատշաճ կերպով հանձնել ենք հողին, այն դեպքում, որ իրենք լավագույն զենքերով՝ գիտեք ինչպես են սպառազինված եղել։ Մեր զինամթերք բերող ավտոյին խփեցին իրենք, մենք ունեինք էն, ինչ որ ունեինք, ինչ որ մեզ հետ տարել էինք։ Հիմա մեր պատմածը ոնց որ մի քիչ ֆանտազիայի նման է, բայց իրականում մենք ունեցել ենք էն, ինչ ունեցել ենք, առանց ճոխ հարմարանքների։ Դրանց սպեցնազին Աստծու ձեռքով հետ տվեցինք ու կարեցանք էդ բարձունքը հետ բերել»,-պատմեց Վաչագան Երիցյանը։

Հրամանատարը՝ Ճուտ Մհերը, միշտ զորքի դեմից էր գնում ու ասում էր՝ անկապ չկրակեք, տեսեք՝ նոր կրակեք՝ պատմում է Վաչագանը։

Հոկտեմբերի 6-ին, մինչև դուրս գալը, որպեսզի տղաներին գոտեպնդի, Մհերը սկսել էր երգել իր մշտական երգերից՝ «Թնդաց մոսինը Գևորգ Չաուշին, որ խրախուսեց իր ընկերներին։ Տղեք, ջան տղեք, մի խնայեք թուրքին, Գետին փռեցեք թուրք մեծ պետերին»։

Մհերն էն կերպարն էր, որ կենդանի հետ չէր դառնա այդտեղից, եթե էդ բարձունքը չվերցներ՝ վստահենում են զինակից ընկերները։

«Խստապահանջ էր։ Օրինակ, մի օր մի փոքր կրակ էր վառել, թեյ էր պատրաստում, էլի, որ գնանք, խմենք, հերթով կանչում էր՝ այդ թեյը տալիս։ Ես փորձեցի, իբր, մի փոքր խորամանկություն անել, հա՛մ տաքանալ, հա՛մ էլ թեյը խմել, հասա կրակին, թե չէ՝ լցրեց, տվեց ձեռքս, ասաց՝ դե հիմա վազելով հետ դարձիր, մտիր քո խրամատը, չայդ խմիր։ Ասում եմ՝ մի փոքր տաքանամ, էլի, ասաց՝ ոչ, ոչ, ստեղ դու եկել ես պարտականություն կատարելու, ստեղ քո համար չայնի չի, ընդամենը դիրք է, որտեղ չայը խմում ես հենց տաքանալու համար։ Հետո ասաց՝ էս կրակի մոտ էլ թողեք մենակ ես մնամ, որովհետև էն անտերը վերևից որ տեսավ այս ծուխը, ինչքան շատ մարդ տեսավ, էնքան ավելի վատ»,-պատմեց Գևորգ Հակոբյանը։

Ճուտ Մհերը նրա հարսանիքի ու որդու կնունքի կնքահայրն էր, բայց անգամ նրա համար որևէ բացառություն չկար։ Ասում է՝ բացակայությունն անտանելի է, ընտանիքի անդամ էր։ Նրա մասին հիմա էլ՝ ինչ խոսում են, ծիծաղում են։

Մարտադաշտում, սակայն, անճանաչելի էր դարձել, ոնց որ ուրիշ մարդու հետ շփվեիր․ առօրյայում բարի, կենսուրախ, սիրում էր ընկերներին ամեն ստից բանի համար հավաքել իրար գլուխ ու իրեն հատուկ հումորներով ուրախություն կազմակերպել։ Իսկ մարտադաշտում, Մհերին որ հիշում է՝ նրա կեցվածքը, հրամանները, կատարած քայլերը, սկսում է հավատալ, որ Սասունցի Դավիթը հորինվածք չէ, իսկական է։ Եթե այդպիսի մարդ կա, որին իր աչքով տեսել է, ուրեմն այնպես էլ կարող էր լինել, հավանաբար Դրոն, Նժդեհն էլ այդ տեսակի մարդիկ էին։

15-16 տարեկան է եղել Մհերը, երբ 1988 թվականից միացել է Շարժմանը։ 1989-ից ՀԱԲ-ի շարքերում ՀՀ սահմանամերձ շրջաններում էր՝ Վարդենիս, Նոյեմբերյան, հետո արդեն ՀԱԲ-ի լուծարումից հետո, երբ Դաշնակցությունը վերահստատվել էր Հայաստանում և ստեղծում էր ջոկատներ, Մհեր Հարությունյանն էլ, մյուս տղերքի հետ անդամակցեց Հրազդանի ջոկատին, և այդ ջոկատի հետ գնաց Շահումյան, Գետաշեն՝ Թաթուլ Կրպեյանի հրամանատարությամբ։ 2016 թ-ի քառօրյային ևս՝ նույն կազմով էին, վաշտի հրամանատարը՝ Ճուտ Մհերը։

Եվ ահա Վարնկաթաղի կռվին՝ հոկտեմբերի 6-ին, բարձունքը գրավելուց հետո վիրավորին առաջին օգնություն ցույց տալիս նա զոհվեց։ Քանի որ առաջին պատերազմից մեծ փորձ ուներ՝ առաջին օգնությունն ինքն իր ձեռքով էր կազմակերպում, իր մոտ եղած միջոցներով սրսկումներ էր անում, մինչև օգնությունը հասներ։

Մի տղա կար՝ Նարեկը, «Աման, աման, թուրքի մաման» գոռալով շրջում էր։ Վարնկաթաղի կռվին նա էլ զոհվեց։

Այդտեղ անմահացավ Գևորգ Հաճյանը՝ լիբանանահայ օպերային երգիչը, խմբավարը, որը մինչև պատերազմն էլ պարբերաբար շրջում էր առաջնագծի դիրքերով ու իր հայրենասիրական երգերով դաստիարակում տղաներին։

Այս պատերազմին մարտական ընկերները հիշում են՝ ինչքան կազմակերպված էր, «ուստավի մարդ էր»՝ ասում են։

«Կարգ ու կանոն պահող մարդ էր, կարգուկանոն թելադրող, փակագծերից դուրս չէր շփվում, ինքն իր ռամկան ուներ, հացը, ջուը ամբողջն ինքն էր կազմակերպում։ Երգում էր շատ իր հայրենասիրական երգերից»,-պատմում է Վաչագան Երիցյանը։

Օպերային երգչին փորձել էին թույլ չտալ բարձրանալ դիրքեր՝ ոտքերի խնդիր ուներ, բայց նա պնդել էր, ո՞վ կարող էր հակառակվել։

Վարնկաթաղում անմահացավ նաև կանադահայ գործարար Քրիստափոր Արթինը, որը վերջին տարիներին հաստատվել էր Կապանում՝ ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի անդամ էր։ Զինակիցները հիշում են՝ ինչքան համեստ էր, ինչքան հայրենասեր։

24 հայորդի կյանքի գնով պահեցին Վարնկաթաղի բարձունքը։ Իրենցից տասն անգամ ավելի թշնամուն հաշված մարդկանցով ջարդել էին, կեսին փախուստի մատնել ու բարձունքը հետ էին վերցրել։

«Դա միակ ելքն էր, որովհետև եթե մի քիչ էլ երկար մնային, մենք ներքևում կա՛մ պիտի մնայինք, ջարդվեինք, կա՛մ պարզապես դուրս գայինք։ Բայց դուրս գալու միտք չունեինք։ Մենք արդեն լարված՝ սպասում էինք, որ մեր ուղղությամբ են գալու։ Բայց որ բարձունքը տղերքը վերցրին, սրանք երևի հասկացան, որ չէ, մեր ուղղությամբ գալն էլ իմաստ չունի»,-պատմեց Գևորգ Հակոբյանը, որն ինքը ևս վիրավորվել էր՝ չհասկանալով էլ ինչ արկից, որովհետև այնքան բան էր գալիս իրենց ուղղությամբ, որ դժվար էր տարանջատելը։

Ռմբակոծությունը անընդհատ էր շարունակվում, որ օգնություն չգա, բայց եկավ օգնությունը՝ համալրում ունեցան մեր մարտիկները։ Ադրբեջանցիները դրանից ավելի էին կատաղել, որ բարձունքը վերցվեց, ու այդ ժամանակ արդեն ավիացիա էին օդ բարձրացրել։

Վարնկաթաղի բարձունքն այսօր հայկական զինուժի վերահսկողության տակ է․ եթե կա վճռականություն՝ պահելու երկիրը, ապա պահում են, հակառակը չի լինում։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica