close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առանց ժողովրդի ու իշխանության. պատերազմի պատասխանատուն «Եռաբլուրում» էր

Քաղաքական

27 Սեպտեմբերի 2021, 21:46
 Առանց ժողովրդի ու իշխանության. պատերազմի պատասխանատուն «Եռաբլուրում» էր

Իշխանությունը ժողովրդին հանձնած Փաշինյանն այսօր «Եռաբլուր» էր եկել առանց ժողովրդի. նույնն է թե՝ առանց իշխանության։ Անվտանգության աշխատակիցներով շրջապատված՝ երկրի ղեկավարն այսօր ավելի քան անպաշտպան էր։  Զրահաբաճկոնի անհարմարությունից կորացած մեջքով, գլխիկոր  վարչապետին «Եռաբլուրում» հանգչող ոչ մի հերոսի ծնող չդիմավորեց։  «Եռաբլուրը» առավոտյան լուռ էր, շիրիմները՝ սառը, հողը՝  դեռ տաք։ «Եռաբլուրի» լռությունը խախտվեց պաշտոնապես հայտարարված լռության ժամին՝ մայրերի հեկեկոցից ու պանթեոնի շինարարների տեխնիկայի աղմուկից։ 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է  «Եռաբլուրի» վրա, սեպտեմբերի 27-ի պատասխանատվությունը՝ նահատակների շիրիմների առաջ ծնկի եկած առաջնորդի։ Մինչդեռ տարի առաջ ժողովուրդը Փաշինյանի հետ էր, բանակի ու Արցախի կողքին։ Ընդդիմությունը «վայր էր դրել զենքերը», չորրորդ իշխանությունը դարձել էլ պետության ու իշխանության քարոզչամեքենան։ Զինկոմիսարիատների առջև կամավոր ռազմաճակատ մեկնողների հերթեր էին, խանութների առաջ՝ զինվորի համար ծանրոցներ հավաքող դպրոցականներ։ Մեկ տարի առաջ ֆեյսբուքում ատելության թիրախը թշնամին էր, անեծքների ու հայհոյանքների հասցեատերը՝ «Ղարաբաղը մերն է» հորջորջող ադրբեջանցի օգտատերերը։ Հիմա ատելությունն ամենուր է՝ «ֆեյսբուքում», Հրապարակում, փողոցում. անեծքների հասցեատերը մեկ իշխանությունն է, մեկ՝ ընդդիմությունը, հայհոյանքի թիրախը՝ մեկ թշնամու բռի մեջ ապրող արցախցին, մեկ էլ արցախցուն «թուրք» անվանողը, մեկ զոհվածի մայրը, մեկ էլ զոհվածի ծնողին անպատվողը։ Իսկ մեկ տարի առաջ ժողովուրդը դեռ միասնական էր, համբերատար ու հանդուրժող։ Փաշինյանը մսխեց մեր միասնությունն ու անկախությունը, կոտրեց մեր կամքն ու պայքարի ոգին, իմաստազրկեց մեր հաղթանակները, մեր կյանքն ու ապրած օրերը... Նրա իշխանության օրոք կիսվեց մեր հայրենիքն ու ընդարձակվեց «Եռաբլուրը», դատվեցին հաղթողներն ու խրախուսվեցին դասալիքները. նրա իշխանության օրոք ընկան լավագույն տղերքը... Հազարավորները նահատակվեցին ոչ թե նրա համար, որ մենք ապրենք, Արցախն ապրի, այլ որ չասեն, թե Փաշինյանը դավաճան է... Պարտության բեռը մնաց Փաշինյանի վրա, նրան արդարացնողների ու դատողների, դավաճան ասողների ու դավաճանողների, անիծողների ու պաշտողների... Պարտության բեռը մնաց մեր՝ ապրողներիս վրա, իսկ Արցախի կորստի բեռը՝ սերունդների։ 44-օրյա պատերազմի դառնությունը մնաց ժողովրդի վրա, սեպտեմբերի 27-ի պատասխանատվությունը՝ թշնամու առաջ ծնկի եկած առաջնորդի։

Թագուհի Մելքոնյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica