close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ին ուզում է տնտեսական իմաստով դարձնել իրենց կցորդ. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

24 Սեպտեմբերի 2021, 23:01
 Թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ին ուզում է տնտեսական իմաստով դարձնել իրենց կցորդ. Թադևոս Ավետիսյան

Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Որոտանի հատվածում իրավիճակը շուրջ երկու շաբաթ չի կարգավորվում, իսկ անցած շաբաթ ձերբակալված իրանցի երկու վարորդների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:

Օրերս 168.am–ի հարցերին ի պատասխան՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ից ի վեր՝ ստեղծված իրավիճակի պատճառով իրանցի վարորդներին ֆինանսական ծախսեր են պարտադրվում, և դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը:

«Հարցին հետամուտ լինելու գործընթացը շարունակվում է՝ նպատակ ունենալով կանխել Իրանի և Հայաստանի միջև առևտրի խափանումները, ապահովել Իրանի քաղաքացիների անվտանգությունը և նվազեցնել փոխադրումների խնդիրները, ինչպես նաև այլընտրանքային ուղիների հասանելիությունը Հայաստանի տարածքում:

Հուսով ենք՝ իրանական և հայկական կողմերի ընթացիկ ջանքերի շնորհիվ այդ նպատակները հնարավորինս արագ կիրականացվեն, և ապահովելով երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների դրական ընթացքի շարունակականությունը՝ կկանխվի տնտեսվարողներին և քաղաքացիներին պարտադրվող ծախսերը»,- հավելել էին դեսպանատնից:

Նկատենք՝ մեկ անգամ չէ, որ տնտեսագետներն ահազանգել են այս անվտանգային խնդրի տնտեսական լրջագույն հետևանքների մասին՝ հիշեցնելով, որ Հայաստանն Իրանի հետ ունի տարեկան շուրջ 410 միլիոն դոլարի շրջանառություն, իսկ այս ճանապարհն առանց խնդիրները լուծելու շահագործելու դեպքում՝ հարվածի տակ կդրվեն փոխադարձ տնտեսական հարաբերությունները:

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Որոտանի հատվածում չհանգուցալուծվող լարվածությանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ այս քայլերով թշնամին նպատակ ունի մեզ ճնշել նաև տնտեսական առումով. «Մեծ հաշվով, թուրք-ադրբեջանական տանդեմն ուզում է ՀՀ-ին տնտեսական իմաստով դարձնի իրենց կցորդ»:

Ըստ տնտեսագետ պատգամավորի՝ նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանական սադրիչ գործողությունները միտում ունեն տարածաշրջանում ստեղծել անկայունության պատկեր՝ տարածաշրջանի բնակչությանը դրդելով միգրացիայի, իսկ հնարավոր ներդրումների համար փակելով ճանապարհը. «Այս անորոշությունները, այս դրսևորումները ձևակերպվում են որպես էական տնտեսական ռիսկեր և ազդում են մարդկանց որոշումների վրա, այդ թվում՝ բեռնափոխադրողների, այդ տարածաշրջանում տնտեսական գործունեություն իրականացնողների, ներդրողների:

Ո՞րն է լինելու դրա վերջնարդյունքը. մեր հանրությանը պարտադրել որոշակի, մեղմ ասած, զիջումներ, որոնք հավասար են լինելու ևս մեկ կապիտուլյացիայի և ինքնիշխանության կորստի: Իրանցի վարորդների ձերբակալությունը, երկու օրով ճանապարհի փակումն ու այսօր արդեն մեր սուվերեն տարածքով անցնող բեռների վրա «նալոգ» դնելն ու այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների անհետանալն առանձին վերցրած մտահոգիչ են, ու երբ շղթայի մեջ ես նայում՝ տեսնում ես, որ սա հստակ ճանապարհ է և տանում է կործանարար հանգրվանի»:

Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց՝ Հայաստանն աշխարհի հետ ցամաքային կապ ունի երկու հիմնական ուղղությամբ՝ հյուսիսային և հարավային: Հարավային ուղղությունն ապահովում է բեռնափոխադրումների շուրջ 40 տոկոսը:

«Մեր աշխարհագրական առավելությունը հենց տարանցիկության մեջ է. այսինքն՝ սրանով ենք մենք տնտեսական հետաքրքրություն ներկայացրել: Այժմ եթե այդ ճանապարհի շահագործումը դառնում է անորոշ, առաջանում են լրացուցիչ ռիսկեր և լրացուցիչ ծախսեր, տնտեսական հաշվարկներ անելը դառնում է գրեթե անհնարին՝ նույնիսկ մեկ տարվա կտրվածքով»,- եզրափակեց տնտեսագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica