close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամու մեծ վախերը. Արցախի ո՞ր տարածքները կազատագրվեն առաջնահերթորեն. Ն. Հոխիկյանի ելույթը՝ Ստեփանակերտի գիտաժողովում

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2021, 16:05
 Թշնամու մեծ վախերը. Արցախի ո՞ր տարածքները կազատագրվեն առաջնահերթորեն. Ն. Հոխիկյանի ելույթը՝ Ստեփանակերտի գիտաժողովում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ ԳԱԱ-ի նախաձեռնած միջազգային գիտաժողովում, որը կայացել է սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտում և նվիրվել Արցախի Հանրապետության և  Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին, ելույթ է ունեցել նաև լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է բանախոսի ելույթն ամբողջությամբ.  

 

Հայկական փորձագիտական դաշտում հաճախ են քննարկվում հարցեր՝ կապված 1994 թ․ մայիսի 12-ին ադրբեջանական և հայկական կողմերի միջև կնքված անժամկետ զինադադարի և դրան անմիջապես հաջորդած «Դարի գործարքի» ներքին թելերի հետ։  Հիշում ենք, որ 1994 թ. սեպտեմբերի 20-ին 8 պետությունների 13 խոշոր ընկերությունների մասնակցությամբ Բաքվում ստորագրվեց նավթի արդյունահանման խոշոր գործարք։ Ադրբեջան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Նորվեգիա, ՌԴ, Ճապոնիա, Սաուդյան Արաբիա։ Ահա այն երկրները, որոնք սկսեցին խոշոր ներդրումներ անել Ադրբեջանում՝ նավթի արդյունահանման և վաճառքի համար։ Եվ որպեսզի դա արդյունավետ ու շահավետ լիներ, պետք է խաղաղություն տիրեր տարածաշրջանում։ 

1994-ի մայիսին ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը, 4 ամիս անց՝ սեպտեմբերի 20-ին եղավ գործարքը։ 

Հետագա տարիներին համաշխարհային խոշոր ընկերություններն սկսեցին ներդրումներ անել Ադրբեջանում։ Նավթը դարձավ այդ երկրի գլխավոր և թերևս միակ հարստությունը։ Ադրբեջանը սկսեց փող կուտակել։ 

Միայն «Ազերի», «Չիրագ» և «Գյունեշ» նավթահանքերում հայտնաբերվել էր 731 մլն տոննա նավթ, որի արդյունահանման համար ամենասկզբում ներդրվեց 11,5 մլրդ դոլար։ 

Շինարարական ու նախապատրաստական աշխատանքները տևեցին 5 տարի, և 1999 թ. դեկտեմբերին ադրբեջանական նավթային տանկերները առաջին անգամ սկսեցին նավարկել դեպի համաշխարհային շուկաներ։ Սկսվեց հետհաշվարկը։ Ադրբեջանը այդ օրվանից սկսեց փող կուտակել պատերազմի պատրաստվելու համար։ 

Հետագա տարիներին Ադրբեջանում ավելի մեծ ծավալների հասավ նավթարդյունահանումը՝ գերազանցելով օրական 2 մլն բարելը։ Դա ռեկորդային ցուցանիշ էր։ Համաշխարհային հսկաները բառացիորեն դատարկում էին Ադրբեջանի նավթամբարները՝ միլիարդներ փոխանցելով այդ երկրին։ Ադրբեջանում զրոյական մակարդակի իջավ մարդու իրավունքների պաշտպանությունը, իշխանությունը կենտրոնացվեց Ալիևների և Փաշաևների կլանների ձեռքում, բռնապետությունը այդ երկրի բոլոր ոլորտներում էր։ Միջազգային կազմակերպություններն ու գերտերությունները աչք էին փակում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների, խոսքի ազատության սահմանափակումների, պատվիրված սպանությունների և հայկական կողմի նկատմամբ ագրեսիայի վրա։ 

Ադրբեջանը զենք էր գնում ամենատարբեր շուկաներից և աստիճանաբար մեծացնում ագրեսիվ հռետորաբանությունն ու շփման գծի սադրանքները։ Եթե մինչև 2006-2007 թվականները Ադրբեջանի կողմից կրակում էին ավտոմատներով, ապա հետագա տարիներին դրանց ավելացան ավելի խոշոր տրամաչափի զենքեր, ականանետեր, երբեմն հրետանի, իսկ 2015-ից նաև կրակեցին տանկերը։ 

Հաճախ ես ասում եմ, որ Ադրբեջանի նման թշնամին մեզ համար նվեր է, քանի որ երբեք չի թաքցրել իր նպատակները, երբեք կեղծ խաղաղասիրություն չի արել։ Դա լավագույն ցուցիչն է՝ թշնամու գործողությունները հաշվարկելու և պատասխան քայլեր անելու համար։ Հայկական կողմը, սակայն, համարժեք կերպով չէր պատրաստվում պատերազմին, ինչը ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ 

Նախ՝ պատերազմից հետո Արցախը մեծածավալ թալանի ենթարկվեց հենց հայերի կողմից։ Թշնամու թողած տներն ու գործարանները փոխանակ հատկացվեին փախստականներին և վերաբնակեցվեին, հիմնահատակ կործանվեցին և մեծ մասամբ ջարդոնի անվան տակ տեղափոխվեցին այլ երկրներ։ Արցախի ռեսուրսները հիմնականում մսխվեցին ՀՀՇ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և ասֆալտի ֆիդայինների կողմից, իսկ իրական կռվողն ու երկիր ազատագրողը մնաց նույն կարգավիճակում։ 

Հայաստանում սկսվեց կապիտալի նախնական կուտակման մրցավազք, ինչը տեղափոխվեց նաև Արցախ։ Ստեղծվեցին ծայրահեղ  հարուստների և ծայրահեղ աղքատների դասակարգեր, որոնցից որևէ մեկը չէր ապրում պետականության հոգսերով։ Մինչդեռ թշնամին զբաղված էր պատերազմի պատրաստությամբ, հայկական կողմում մեծահարուստներն ու օլիգարխները շարունակում էին կուտակել, իսկ աղքատների համար հայրենիքից ավելի թանկ էր դառնում օրվա հացը։ 

Չնայած դրան, հայկական բանակը համարվում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, ամուր պահելով պետականության սահմանները։ Այն հաջողությունները, որոնք հայ զինվորն ու սպան հասան 28 տարվա ընթացքում՝ շրջափակման, սահմանափակ քանակությամբ զենքի և մշտական արտաքին ագրեսիայի պայմաններում, անհավատալի մեծ ջանք ու ներդրում էր պահանջում։ Հայկական բանակը հասավ արդյունքի։ 

2012 թվականը Ադրբեջանի համար նավթի արդյունահանման բումն էր։ Այդ և հետագա 5 տարիներին Ադրբեջանն ստացավ նավթի վաճառքի ռեկորդային շահույթ, ինչը հնարավորություն տվեց մեծ քանակության զենք և զինամթերք գնել՝ Արցախի դեմ պատերազմելու համար։ Ադրբեջանում լավ էին հասկանում, նավթը սկսելու է նվազել, ու եթե 2015-ին դեռևս օրական արդյունահանվում էր 2-2,5 մլն բարել նավթ, ապա 2017-ին այն հասնելու էր 1 մլն բարելի, հետևաբար 2016-ին Ադրբեջանը դիմեց առաջին արկածախնդրությանը՝ ապրիլյան պատերազմին, որն անհաջող ավարտ ունեցավ։ 

Հաջորդող տարիներին Ադրբեջանը նոր զարկ տվեց զենքի առևտրին, բայց հաշվարկները ցույց էին տալիս, որ նավթը դառնալու է պակաս կարևոր գործոն՝ հաշվի առնելով սպառվող պաշարները։ 2019-ին Ադրբեջանում արդեն օրական արդյունահանվում էր մոտ 800,000 բարել նավթ, իսկ 2020-ի գարնանը՝ 500,000 բարել։ Նորվեգական «Ստատօիլ»-ը որոշեց հեռանալ Ադրբեջանից, բրիտանական BP-ն ևս քննարկում էր իր մասնաբաժինների մի մասը վաճառելու մասին։ 

Այդ համատեքստում Ադրբեջանը և Թուրքիան հաշվարկել էին, որ նավթի պակասին զուգահեռ պակասում է նաև աշխարհի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ, իսկ այդ պարագայում աշխարհի աչքի առաջ, ավելի շուտ՝ աշխարհի անտարբերության ուղեկցությամբ գրավել Արցախը իրենց չի հաջողվի։ 

2020-ի սեպտեմբերի պատերազմը նախ Ադրբեջանի նավթի դարաշրջանի ավարտի մասին էր խոսում։ Ահա թե ինչու Թուրքիան շտապեց Բայրաքթար տեսակի հարվածային ԱԹՍ-ներ և Սիրիայից վարձկան ահաբեկիչների տեղափոխել Ադրբեջան՝ հայկական զորքի դեմ կռվելու համար։ Թշնամական երկու պետությունները պատերազմի մեջ մտցրին ամեն ինչ, դրան գումարվեցին նաև այլ գործոններ։ 

Թուրքիային, ԱՄՆ-ին, Իսրայելին  ու Մեծ Բրիտանիային պետք էին Արցախի հարավային շրջանները՝ Արաքսի հովիտը՝ Իրանի սահմանային հատվածը։ Դա նրանց հնարավորություն էր տալու վերահսկելի դարձնել Իրանի նաև այդ շրջանները, իսկ հետագա ամիսներին Վարանդայում կառուցված օդանավակայանը վկայում է Իրանի նկատմամբ նախապատրաստվող ագրեսիայի մասին։ 

Ադրբեջանին ավելի շատ անհրաժեշտ էին Արցախի Շահումյանի (Քարվաճառ) և Վարանդայի շրջանները, որոնց ջրային պաշարները կարևոր դեր են խաղալու Ադրբեջանի արևմտյան և կենտրոնական շրջանների համար։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը կանգնած է երաշտի խնդրի առաջ, և այս պարագայում Արցախի ջրհավաք ավազաններին տիրանալը այդ երկրի համար մեծ ձեռքբերում էր։ Այդ առումով հատկապես Քարվաճառի հանձնումը Ադրբեջանին անհեռատես ու աններելի քայլ էր հայկական իշխանությունների համար։ 

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, սակայն, Ադրբեջանի և Թուրքիայի համար իրական զինադադար չի։ Արցախի այսօրվա մնացած տարածքը՝ 3100 քկմ-ը ևս մեր թշնամու թիրախում է, և նրանք չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են գրավել ամեն ինչ։ 

Դեռևս 1648 թ. ստորագրված Վեստֆալյան պակտով սկիզբ դրված նոր աշխարհակարգում թեև աշխարհը վերաբաժանվեց, որ հաստատվեց ուժի քաղաքականությունը՝ Power Politics: Այլ կերպ ասած՝ ուժն է ծնում իրավունք։ Թուրքիան և Ադրբեջանը միշտ այդ սկզբունքով են շարժվել, իսկ ահա 1918-ին Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերտերությունները քննարկում էին ուժի իրավունքից հրաժարվելու հարցը։ 

1919-1920 թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը առաջ քաշեց «Արդար խաղաղություն» (Just Peace) սկզբունքը, որով երաշավորվում էր պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքը՝ առանց միմյանց տարածքների նկատմամբ նկրտումների, սակայն դա երկար չտևեց։ Մոտ 20 տարի անց աշխարհը կրկին վերաբաժանվեց՝ անցնելով ուժի քաղաքականության՝ Power Politics, մինչև հայկական դիվանագիտությունը շարունակում է հույսեր կապել Վիլսոնյան «Արդար խաղաղություն» (Just Peace) սկզբունքի հետ։ 

Ցավով պետք է արձանագրենք, որ դա մեռելածին սկզբունք է, և համագործակցող մարդկությունը միշտ էլ խորքում եղել է և կա որպես մրցակցող։ Դաժան մրցակցության պայմաններում խոսել խաղաղության ձգտումների կամ բանաձևերի մասին, առնվազն միամտություն է։ 

Տարիներ շարունակ Ադրբեջանը մեր մասին խոսելիս մշտապես կիրառում է «թշնամի» տերմինը, իսկ հայկական կողմը հետևողականորեն օգտագործում է «հակառակորդ» արտահայտությունը, ինչը հանրային գիտակցության մեջ թուլացնում է թշնամու կերպարի ճիշտ ընկալումը և կոտրում դիմադրողականությունը։ 

2020 թ. պատերազմի ժամանակ Ադրբեջանը թեև հասավ նկատելի հաջողությունների և ՀՀ քաղաքական իշխանությանը ստիպեց ստորագրել անցանկալի փաստաթղթի տակ, սակայն ռազմական գործողություններից դուրս եկավ մեծագույն կորուստներով։ Արդեն նոյեմբերի վերջին Ադրբեջանի Գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, թե ամենայն հավանականությամբ, իրենց ունեն 9-12 հազար մարդկային կորուստ, սակայն ժամեր անց այդ հայտարարությունը հեռացվեց ադրբեջանական լրատվական դաշտից։ Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է մոտ 3000 զոհվածի մասին տվյալներ, սակայն դա արժանահավատ չի նույնիսկ ադրբեջանական հանրության համար, որը սոցիալական ցանցերում տարածում է բազմաթիվ փաստեր շատ ավելի մեծ թվով զոհվածների մասին։ 

Ըստ հայկական կողմի հրապարակած տվյալների՝ Ադրբեջանի կորցրած զրահատեխնիկան ու հրետանին կազմում են այդ երկրի ունեցած արսենալի ավելի քան 73 տոկոսը։ 

Այս փաստերը խոսում են այն մասին, որ զենքի 73 և զինվորների 10-15 տոկոսը կորցրած, ավելի քան 15,000 վիրավոր տված պետությունը ի զորու չէ հիմա նոր պատերազմ սկսել Արցախի ամբողջական գրավման համար։ Սակայն դա չի նշանակում, թե թշնամին չի փորձի նոր ագրեսիա սանձազերծել։ 

Արցախի հայաբնակ տարածքում ռուս խաղաղապահների ներկայությունը սանձում է Ադրբեջանի և Թուրքիայի քայլերը, սակայն թշնամին արագ տեմպերով լրացնում է պատերազմի հետևանքով կորցրած զենքի պակասը։ Ինչպես 2007-2015 թվականներին, այնպես էլ հիմա Ադրբեջանը օրեցօր ավելի է խորացնում ռազմական հռետորաբանությունը և սադրանքները։ Մեկ կրակում են Շուշի քաղաքից, մեկ փորձում մեքենա կանգնեցնել Քաշաթաղի միջանցքում և այդկերպ փակել ճանապարհը։ 

Ձգտելով փոխել Քաշաթաղի միջանցքի ճանապարհը և շրջանցել Բերձոր քաղաքն ու Աղավնո, Ներքին Սուս գյուղերը՝ Ադրբեջանը փորձում է այնպիսի ճանապարհ տրամադրել մեզ, որի անվտանգությունը կլինի 0 տոկոս։ Մինչդեռ բնակավայրերի միջով անցնող ճանապարհը ինքնին անվտանգության երաշխիք է։ 

Այս առումով պետք է անել հնարավորն ու անհնարը՝ Քաշաթաղի այսօրվա գործող ճանապարհը պահպանելու համար։ 

Միաժամանակ չզարմանանք և պատրաստ լինենք, որ Ադրբեջանը ամեն օր նոր ագրեսիվ մեթոդներ կօգտագործի Արցախի բնակչության ու զինված ուժերի դեմ՝ պատրաստվելով 2025-ի աշնանը։ 

Ինչո՞ւ հենց 2025-ի աշուն։ 

Նախ՝ այդ ժամանակ լրանում է ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը։ Ես կասկած չունեմ, որ արդեն 2024-ի ավարտին կամ 2025-ի գարնանը Ադրբեջանը կհայտարարի խաղաղապահների մնալու անցանկալիության մասին։ Դրա հնարավորության մասին նշված է նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ 

Ռուս խաղաղապահների մնալ-չմնալու քննարկումներին ու բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը ավելի է խորացնելու սադրանքները Արցախի նկատմամբ։ Այս մասին պետք է բաց և հստակ խոսել Արցախի բնակչության հետ։ Կարծում եմ, որ Արցախի իշխանությունը պետք է ներկայացնի մեր հայրենակիցներին թշնամու նպատակները, որպեսզի հանրությունը դուրս գա անորոշության միջից։ Ամեն տեսակի խնդիրներից ամենամեծը անորոշությունն է։ Մարդիկ պետք է իմանան, որ պատերազմը դեռ չի ավարտվել, ավելին՝ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, քանի որ հիմա արդեն գերտերություններն ու խոշոր խաղացողներն անձամբ են այստեղ։ 

Առաջիկա պատերազմը, որքան էլ մենք ջայլամի դիրք ընդունենք և չցանկանանք տեսնել իրականությունը, տեղի կունենա, այն սարերի հետևում չէ։ Ադրբեջանը և Թուրքիան անթաքույց պատրաստվում են պատերազմի՝ պարբերաբար զորավարժություններ անելով Վարանդայում, Ջրականում, Քաշաթաղում և Արցախին հարակից այլ տարածքներում։ Սրանք պայմաններ են՝ զորքին այդ տեղանքին ավելի լավ ծանոթացնելու համար։ 

Ադրբեջանը և Թուրքիան, սակայն, մեծ վախեր ունեն հատկապես Քարվաճառի, Քաշաթաղի հյուսիսային մասի և Շուշիի առումով։ Սրանք մեր թշնամու աքիլլեսյան գարշապարն են, քանի որ երեք դեպքում էլ նրանք կարող են շատ արագ հայտնվել ամբողջական շրջափակման մեջ և տանուլ տալ պայքարը։ Ահա թե ինչու հատկապես Թուրքիան փորձում է տաք եղանակին Օմարի բարձունքով ծանր զրահատեխնիկա կուտակել Քարվաճառում, որպեսզի երբ ձմռանը զորքը զրկվի զենքի մատակարարումից, ունենա անհրաժեշտ քանակության զինտեխնիկա։ 

Դրանք, սակայն, հաղթահարելի են առաջիկա պատերազմի դեպքում։ Ճիշտ մարտավարության պարագայում նշածս տարածքների ազատագրումը իրատեսական ու հնարավոր է, նույնիսկ պարտադիր՝ հայկական պետականության ամրապնդման համար։ Իսկ Շուշիի ազատագրումը շղթայական ռեակցիայով իր հետ բերելու է Հադրութի ազատագրմանը՝ նույն ճանապարհով, ինչով եկել էին ադրբեջանցիները և որ ճանապարհը հիմա կառուցել են՝ այն անվանելով «Հաղթանակի ճանապարհ»։ 

Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին ու Հադրութը Արցախի անվտանգության կարևորագույն բաղադրիչներ են՝ իրենց բնական պաշարներով ու աշխարհագրական դիրքով, իսկ Քարվաճառը, Քաշաթաղը կարևոր անվտանգային համակարգեր են նաև ՀՀ-ի համար՝ լինելով ամուր թիկունք հայկական պետականության համար։ 

Քանի դեռ պատերազմը ամբողջապես չի ավարտվել, և թշնամին պատրաստվում է նոր ագրեսիայի, մենք պարտավոր ենք ինչպես ռազմական, այնպես էլ քարոզչական ակտիվ աշխատանք տանել, հանրության մեջ տարածել ազգային գաղափարախոսություն՝ ներարկված մարտական ոգով, նույնիսկ ագրեսիայով՝ հնարավոր բոլոր պատերազմներին ոչ թե վախի, այլ կռվողի ու ազատագրողի զգացումով պատրաստվելու։ 

Ուժի քաղաքականությունը՝ Power Politics-ը, պահանջում է ագրեսիայի հռետորաբանություն։ Թշնամու հետ պետք է խոսել թշնամաբար։ Իսրայելի երբեմնի վարչապետ Գոլդա Մեիրն ասել է. «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»: Պատերազմի սպառնալիքով խոսող և դրան անթաքույց պատրաստվող թշնամուն պետք է պատասխանել նույնպիսի գործողություններով։ Չմոռանանք, որ մինչև 1992 թվականը Արցախը եղել է շատ ավելի վատ վիճակում, քան հիմա է։ Այն ժամանակ ամբողջական շրջափակում էր, սակայն կարողացավ ոչ միայն ցամաքային ճանապարհ բացել, այլև ազատագրել հսկայական տարածքներ։ Այն ժամանակ էլ գերտերությունները խոսում էին միջազգային իրավունքի մասին, սակայն տարածք ազատագրող հայ զինվորին ու կամավորին դրանք չխանգարեցին։ Այսօր ևս չեն խանգարի։ 

Ավելին՝ կան գերտերություններ, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, որոնց ձեռնտու է ավելի մեծ և ավելի ուժեղ Արցախը։ Հետևաբար առաջիկա չորս տարիների ընթացքում մենք պարտավոր ենք հնարավորինս ուժեղ ու կայուն դարձնել Արցախի պետական կառավարման համակարգը, ձևավորել հանրային մեծ վստահություն ինչպես իշխանության մարմինների, այնպես էլ ապագայի նկատմամբ, պայքարի ոգի և ոգեշնչում։ 

Մենք չունենք շատ ժամանակ՝ առավելագույնը 3,5 տարի՝ Արցախի հայ բնակչության թիվը մեծացնելու, արագ սպառազինության, մարտական պատրաստականության բարձրացման համար։ 

Խնդրում եմ այս վերլուծությունն ընկալել ոչ թե որպես մտահոգություն, այլ որպես հնարավորություն՝ մոտ 7500 ք/կմ տարածքով ու անվտանգային ուժեղ համակարգով Արցախի հայկական պետականության համար։ 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica