close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ փորձում են արժեզրկել հանուն հայրենիքի զոհվելու գաղափարը

Հարթակ

7 Հունիսի 2021, 15:46
 Երբ փորձում են արժեզրկել հանուն հայրենիքի զոհվելու գաղափարը

Հնում պատերազմի ժամանակ զորքին ոգևորելու համար հրամանատարը բացականչում էր «հանուն թագավորի» ու զինվորներին առաջնորդում գրոհի։ Այդ կերպ նրանք ցույց էին տալիս պետության ու միապետի համար մեռնելու իրենց կամքը։ Հիմա ժամանակները փոխվել են. ոչ ոք պետության ղեկավարի համար չի գնա կռվելու, առավել ևս զոհվելու, բայց  հայրենիքի համար կյանքը չխնայել պարտավոր է յուրաքանչյուրը։ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը` անմահություն». պատմիչ Եղիշեի այս խոսքերով դաստիարակված քանի սերունդ է հայ ժողովուրդը  կորցրել անհավասար կռիվներում, քանիսն են անմահացել՝ գիտակցելով հայրենիքի համար մեռնելու գաղափարի արժեքը։ Արցախյան վերջին պատերազմն էլ  ինքնազոհության՝ հայրենիքի ապրելու համար մեռնելու գնացած տղերքի կռիվ էր, որը մնաց կիսատ ու կիսատ թողեց հինգ հազար կյանքեր։ Բայց սարսափելին հետոն էր, երբ պիտի պարտությունն ու անտարբերությունը ստվերեին հայրենիքի համար զոհվելու ամենավեհ գաղափարն ու հրապարակ նետեին սուտը, դավաճանությունն ու վախկոտությունը։ Հետո պիտի դասալիքներն ամենաբարձրը բղավեին՝ բռնեք դավաճաններին ու իրենց գոյությամբ մրոտեին մինչև վերջին շունչը կռված տղերքի չապրած տարիները։ Հետո պիտի խրախճանք ու հրավառություն անեին, գինարբուքի լայվերով ու նկարներով ողողեին համացանցն ու ամենայն հանգստությամբ արդարանային, որ կյանքը շարունակվում է։ Իսկ «Եռաբլուրում» կուչ եկած հայրերը դեռ պիտի մտքում կռիվ տային իրենց խղճի հետ, պիտի լուռ տանեին իրենց որդիներին հայրենիքին հանձնելու մեղքի ու պատվի ողջ բեռը... Իսկ որդու դիակին սպասող մայրը դեռ պիտի աղոթի, որ պարկերում լցված հարյուրավոր մասունքներից մեկը իր որդունը լինի, որ տեսնի, որ համոզվի, որ հավատա, որ որդու մարմինը  հանկարծ  անտեր չմնա, որ որդին գերեզման ունենա, որ կյանքի մնացած տարիները կասկածի ու մեղքի մեջ չապրի... Որ փորձի ապրել հանուն որդու հիշատակի...

Քանի՜-քանի զոհվածի մայր է ասել՝ ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, քանի՜սն են զղջացել իրենց որդիներին բանակ ուղարկելու համար, քանիսն են փոշմանել, որ ժամանակին չեն կանգնեցրել կամավոր ռազմաճակատ մեկնող իրենց որդուն... Քանիսն էլ կան, որ իրենց որդիներին ուղարկել են կռիվ՝ գիտակցելով, որ գուցե էլ երբեք նրանց չտեսնեն, քանիսն են զուռնա–դհոլով, երգ ու պարով իրենց որդիներին ճանապարհել բանակ, զավակներին անտրտունջ նվիրել հայրենիքին, Արցախին, հետո նաև պատերազմին...

Մի անգամ լսե՞լ եք, որ Արցախյան վերջին պատերազմի խորհրդանիշ դարձած հրետանավոր Ալբերտի հայրը դժգոհի, որ հայրենիքի համար զավակ է տվել։ Կամ երբևէ լսե՞լ եք Շուշիիում նռնակով իրեն պայթեցրած 20–ամյա Նարեկի հոր խոստովանությունը, որն ասում է, որ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի. նա արել է այն, ինչ պարտավոր էր անել... Կամ հիշու՞մ եք, թե ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը գերադասեց թշնամու զինվորի հետ պայթեցնել իրեն, քան լքել դիրքը, իսկ հետո Ռոբերտի հայրը պիտի խոստովաներ, որ որդին գիտակցված է գնացել այդ քայլին։  Անհնար է չափել այս հայրերի ու պատերազմում զոհված իրենց որդիների մեծությունը։ Առհասարակ էս տեսակ բաները երբեք չի կարելի չափել, ինչպես չի կարելի չափել, օրինակ, որդի կորցրած երևանցու ու արցախցու վիշտը կամ որոշել՝ Տիգրանաշե՞նն է ավելի կարևոր, թե՞ Տավուշի արոտավայրերը։ Պարզապես, պետք է տարբերել իրական ու կեղծ արժեքներն իրարից. մի բան, որը մեր օրերում այնքան բարդ է դարձել. բարդ է նախ նրա համար, որ բարդ ժամանակներ են, հետո էլ մարդիկ են բարդ, միմյանց լսելն ու հասկանալն է բարդ... Պարզ է միայն պատերազմից հետո մեզ պարտադրված կեղծ օրակարգերի ողջ էությունը։ Հիմա հասկանու՞մ եք շատերի անտարբերության, լռության, երբեմն էլ անգամ չափից դուրս աղմուկի ու արխայինության վտանգները։ Հիմա հասկանու՞մ եք, որ մեզ՝ ողջերիս ուզում են վանել իրական արժեքներից, փորձում են ջնջել մեր հիշողությունները, անջատել մեր բանականությունը։ Ամեն ինչ անում են, որ սգավոր հայրերն ու մայրերը հիասթափվեն երկրից ու հայրենիքից, մի կողմ թողնեն որդիների սխրանքից ծնված իրենց հպարտությունն ու փոշմանեն, որ հայրենիքին զինվոր են տվել, որ Արցախի համար որդի են զոհել։ Անտարբերությամբ թե ցուցամոլությամբ, անգրագիտությամբ, թե  չտեսությամբ, աննրբանկատությամբ, թե զոռբայությամբ, էական չէ․ մի անմիտ քայլ, ու մեկ էլ ահա՝ պատերազմում նահատակված Մխիթար Գլեյանի մայրը չի դիմանում ու խոստովանում է. «Կներես, ՈՐԴԻ՛Ս, կներես, որ քեզ բանակ ճանապարհեցի, կներես, որ էս տեսակ ազգի համար քեզ զոհեցի, իմ միակ ու թանկ ՏՂԱՍ, նրանք արժանի չէին, որ դու զոհեիր քո կյանքը նրանց կյանքի համար։

Հայը այլևս ազգ չի, այն ցեղախումբա, վայրենի մի ցեղախումբ, էս ցեղի կամար հերիքա մի փոր հաց ու մի բաժակ գինի, սրանք մոռացան ՁԵԶ, սրանք ուրացան ՁԵԶ...»։

Քանի՞ գրոշ արժե ձեր մխիթարանքն ու կարեկցանքը, եթե չգիտեք հարգել դիմացինի վիշտը։ Չեք էլ պատկերացնի, թե ինչքան նվաստ է ձեր ֆեյսբուքյան հայրենասիրությունը, երբ ձեր քեֆերի ու գինարբուքների մասին չտեսավարի արված պոստերը տեսնում է զոհվածի մայրը, որը միամտաբար կարծում էր, թե որդին զոհվել է բոլորի համար և որ պատերազմն ու պարտությունն էլ է բոլորի համար։ Չեք էլ պատկերացնի, թե որքան թշվառ են ձեզ հրամցված կեղծ արժեքները այն գաղափարի համեմատ, հանուն որի զոհվել է տիկին Աստղի որդին՝ Մխիթարը, հանուն որի Ալբերտը, Ռոբերտը, Գևորգը, Արտաշեսը, Հայկը, Վահեն, Աբգարը ու էլի հազարավոր տղերք նահատակվել են։ Իսկ ո՞վ ասաց, որ այս տղաները չէին ուզում ապրել, գինի խմել, սիրել, պարել ու ճախրել... Նրանք գիտակցված գնացել էին կռիվ՝ զոհելով իրենց կյանքն ամենավեհ գաղափարի համար, որ հայրենիքն ապրի, որ հայն ապրի... Իսկ առանց այս գաղափարի մենք երկիր չենք ունենա, մենք հաղթանակ ու պատմություն չենք կերտի։ Եվ ուրեմն՝ կորչեն պահի համար ապրողները, որոնք չունեն հիշողություն, դիմագիծ ու արժանապատվություն։ Ապագան նրանց ձեռքում է, ովքեր գնահատում են իրական արժեքները, ովքեր գիտակցում են հայրենիքի համար մեռնելու գաղափարն ու պատրաստ են կյանքը չխնայել հանուն հայրենիքի։

Թագուհի Մելքոնյան

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica