Առողջապահության նախկին նախարարի վերջին լավությունը՝ կնոջը․ նախարարությունը Թորոսյանի կնոջ ընկերությունից կատարած գնումներից ոչ մեկի համար մրցույթ չի հայտարարել. «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, պարզվում է, մինչ նախարարի իր պաշտոնին հրաժեշտ տալը հասցրել է «ՄԻԲՍ» ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ կնքել ես մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն 680 հազար դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին, ըստ որի՝ «ՄԻԲՍ» -ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու։
Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս):
Եվ առաջին անգամը չէ, որ այս ընկերության հետ խոշոր պայմանագիր է կնքվում: 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել «ՄԻԲՍ» ընկերության հետ
«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, բացի Առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ, մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ:
Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար Առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել: Կնքված պայմանագրերից հինգը եղել են-«մեկ անձից գնումներ» ընթացակարգով, մեկը՝ «գնում չհանդիսացող ծախսեր» ընթացակարգով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: