close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեղա՛, Հայրենի՛ք

Հասարակություն

28 Հունվարի 2021, 14:14
 Մեղա՛, Հայրենի՛ք

Իրիկունը կռված տղերքը մեր տուն եկան, թաս թասի ետևից թունդ օղի խմեցին, հարբեցին, լաց եղան, հայհոյեցին, էդ գիտունները, խիզախները, որ  44 օր անցել էին դժոխքի բոլոր պարունակներով, որ պինդ գրկել էին ջահելների արյունոտ, սառչող մարմինները, լսել էին նրանց վերջին մրմունջները: Մի բուռ կսկիծ դարձած հրամանատարը՝ անփայլ աչքերով կամանդիրը, ասաց. «Չգիտեմ՝ ո՞նց ապրեմ, ախր, թշնամուն թողած, բորենիների ու վայրի խոզերի վրա էինք կրակում, չէինք կարող չկրակել, գիտեինք, որ ԱԹՍ-ները կգան կրակոցների ուղղությամբ, բայց կրակում էինք: Ես քու…»։

Նրա ձեռքերը դողում էին: Չդիմացա, տղամարդկանց մենակ թողեցի իրենց ցավի հետ: Երկար, մինչև կեսգիշեր լսվում էին նրանց մե՛կ զիլ, մե՛կ նվաղող ձայները: Տղերքը գնացին:

Գիշեր է, ու արդեն հունվարի 28-ն է՝  Հայոց բանակի օրը:

Երկա՜ր, հավերժություն թվացող տանջալից գիշեր: Չգիտեմ՝ քանիսն են այս գիշեր իմ պես տառապում մեղքերի մեջ, մտորումների մեջ, դեգերումների մեջ: Չգիտեմ՝ քանի անգամ կրկնեցի ենթագիտակցությունից եկած՝ Չարենցի մորմոքը, որ գրել էր 1915-ին. Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար ես երազեցի արևի մասին․․․

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար, խոսքեր չկային, ու արև չկար:

Առավոտյան արդար արեգակը ո՞նց բացվի մեզ՝ խեղճացածներիս վրա, անկարողներիս վրա, անճարակներիս վրա, ատելությամբ թունավորվածներիս վրա, պառակտվածներիս վրա, ներսի թշնամու, դավաճանների ձեռքը գերություն ընկածներիս վրա, ցավի ու կորստի հետ հաշտվողներիս վրա:

Որ լույսը բացվի, ո՞նց նայենք քաղաքին, երկրին, Արարատին: Ի՞նչ երեսով գնանք Եռաբլուր: Ո՞նց ասենք՝ փառք քեզ, Հայո՛ց բանակ, ո՞նց ասենք՝ զինվորը չի պարտվել, խաբել ու պարտվել, ծախվել է իշխանությունը: Ո՞նց խոստովանենք, որ խաբված ազգ ենք, միամիտ ու դյուրահավատ, օտար սիրող ազգ ենք,  որ մեր ուղեղը, մեր սիրտն ու հոգին բացում, տալիս ենք կեղծ մարգարեներին,  ստախոսներին, փարիսեցիներին, ծախված հոգիներին: Տալիս ենք, որ լվանան ճերմակեցնող, հոգու գույները, երկրի գույները վերացնող թունավոր նյութերով, օտար կեղտաջրերով:

 Ի՞նչ պատասխան տանք անկախ Հայրենիք, պետություն ու բանակ, միացյալ Հայաստան, ազատագրված Արցախ երազող սերունդներին: Ի՞նչ պատասխան տանք կյանքի ու արյան, զրկանքների գնով այդ ամենը նվաճածներին: Ի՞նչ պատասխան տանք մասունք որոնող ծնողներին, գերության մեջ տառապողներին ու նրանց հարազատներին, հազարավոր նահատակների ծնողներին ու նրանց հոգիներին, ինչպե՞ս մխիթարենք սայլակների մեջ կուչ եկած վիրավոր առյուծներին:

Ի՞նչ պատասխանենք նրանց հարցերին, ովքեր սեփական ձեռքերով իրենց կառուցած տունն են վառել, մուլքն ու այգին, ովքեր ողբացել են իրենց տան ավերակների մոտ, ի՞նչ ասենք  տնանկներին, անօթևան դարձածներին, վախեցած մանուկներին, հուսախաբ մայրերին, վհատված ծերերին:

Ի՞նչ պատասխանենք հազարավոր վանքեր կառուցած անհայտ ու հայտնի ճարտարապետներին, շալակով լեռների ծերպերը քար ու ավազ բարձրացրած շինականներին, աչքի լույսով հազարավոր խաչքարեր ասեղնագործած վարպետներին, 43 ահռելի բերդ ու ամրոց կառուցած հզորների հոգիներին, ո՞նց ասենք, թե մեր նորօրյա խաբեբան, Վասակ Սյունին, Գետադարձը, Մելիք Ֆրանգյուլն ու Մելիք Շահնազարը ու բոլորին միաժամանակ տված-անցած աննախադեպ դավաճանը մի խավար գիշեր մեծ, շատ մեծ սկուտեղի վրա, «կիրթ ու գրագետ» թուրք ու թաթար կարդաշներին հանձնեց այդ ամենը, տվեց, ծախեց չծախվողը: Տվեց, որ պղծեն, տվեց, որ սեփականեն, տվեց, որ քանդեն: Ու նրանք՝ արարող, կառուցող նախնիները, չե՞ն հարցնի՝ բա մյուսնե՞րը, բոլո՞րդ, դո՞ւք, յուրաքանչյո՞ւրդ: Ի՞նչ պատասխան տանք, մեղա՜ ասելուց բացի:

Ու Շո՜ւշին, Շո՜ւշին, երազանքի՛ քաղաքը, ոգո՛ւ քաղաքը, լո՛ւյսի քաղաքը, որ առանց կռվի հանձնեց ու ասաց՝ դժգույն ու դժբախտ քաղաք էր, մերը չէր: Տվեց, գերության հանձնեց  մեր Երուսաղեմը:

Էս ի՞նչ մեղքերի ու մղձավանջի մեջ ենք ապրում, թողնում ենք, որ նեռը թուրքից թուրքին զարկերակ անցկացնելու, պորտալար անցկացնելու հող ու տարածք տա մեր հողից, մեր երկրից: Որ իրենք ավելի՞ ուժեղանան, որ միավորվեն ու նորից կոտորե՞ն մեզ, նորից հոշոտեն մեր մի բուռ մնացած Հայրենիքը:

Ո՞նց ենք թողնում: Ինքներս մեզնից գլուխ չե՞նք հանում:

Ո՞նց, ո՞նց բժշկենք մեր քրքրված հոգիները, ո՞նց վերականգնենք աշխարհով մեկ ցիրուցան մեր բզկտված ինքնությունը, մեր ծանր վիրավոր արժանապատվությունը, ո՞նց:

Ո՞նց փրկենք, ո՞նց կանգնեցնենք մեր ոտքի տակից հոսող մի բուռ սրբությունը՝ հողը: Ո՞նց փակենք մեր վառված, փշրված դարպասները, դուռ ու երդիկը, ո՞նց:

Ու դեռ պահո՞ւմ, կուշտ ու ճոխ կերակրո՞ւմ ենք  դավաճաններին, ծախվածներին, մատնիչներին, ներսի թշնամիներին, օտար գործակալներին, կեղծարարներին, մեղսագործներին, օրինազանցներին, ռազմական հանցագործներին, պետական դավաճաններին:

Մեղա՜, Հայրենի՛ք, մեղա՜, մեղա՜, մեղա՜:

Լույսը բացվեց: Թանձր մառախուղ է: Ոչինչ չի երևում:

 

Էվելինա Բաղդասարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica