close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի գիտություն Ալիևի՝ Շուշին 1752 թ.-ից ի վեր ընդամենը 3 տարի և 11 ամիս չի եղել հայապատկան. պատմաբան

Արցախ

15 Հունվարի 2021, 14:14
 Ի գիտություն Ալիևի՝ Շուշին 1752 թ.-ից ի վեր ընդամենը 3 տարի և 11 ամիս չի եղել հայապատկան. պատմաբան

Պատմաբան, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը գրում է.

«Շուշիին թյուրքերի առաջին անգամ տիրապետելուց՝ 1752 թ-ից առ այսօր, վերջին 268 տարվա ընթացքում, թյուրքերի տիրապետության տակ է եղել ընդամենը 122 տարի, որից առանց հայ բնակչության՝ 1988 թ-ի սեպտեմբերից մինչև 1992 թ-ի մայիսը և 2020 թ.-ի նոյեմբերից առ այսօր։ Փաստորեն, վերջին 268 տարվա ընթացքում Շուշին հայկական ու հայապատկան չէ այս պահի դրությամբ ընդամենը 3 տարի 11 ամիս ...

Արցախ-Ղարաբաղում (լեռնային և դաշտային հատվածներ) թյուրքական ցեղերն առաջին անգամ սկսեցին հաստատվել մոնղոլական արշավանքներից հետո, այն էլ՝ միայն դաշտային մասի մի հատվածում, գերազանցապես՝ Մուղանի դաշտավայրում (Մեծ Հայքի Արցախ նահանգի ի Մուխանք գավառ), արտաքսելով կամ իրենց մեջ ձուլելով տեղաբնիկներին։ Մինչև 16-րդ դարի վերջը Արցախի լեռնային ողջ հատվածը և նրան արևելքից հարող դաշտային հատվածի մի մասը անկախ հայկական պետականություն էր, որը հայտնի էր Խաչենի իշխանություն անվամբ, որտեղ իշխել են հայկական Հասան-Ջալալյանների և Դոփյանների տոհմերը։ Հետագայում վերջինս բաժանվեց հինգ հայկական իշխանությունների` Խաչեն, Դիզակ, Վարանդա, Ջրաբերդ և Գյուլիստան: Այդ իշխանությունները կառավարվում էին սեփական իշխանների կողմից (Խամսայի մելիքություններ) և գոյատևեցին մինչև 18-րդ դարի վերջը:

Իրանում իշխող Սեֆյանների ժամանակ (1502-1722թթ.) առաջացավ Ղարաբաղի կուսակալությունը, որի լեռնային մասը դեռևս հայ կառավարիչների ձեռքում էր, իսկ նախալեռնային և հարթավայրային տարածքները` մուսուլմանական խաների։ 1736 թվականին Պարսկաստանում իշխանության եկած Նադիր շահը, առանձնացրել է Ղարաբաղի հինգ մելիքությունների հողերը Ղարաբաղի կուսակալությունից և անմիջականորեն ենթարկել իրեն։ 1747 թվականին Դաշտային Ղարաբաղում ձևավորվում է Ղարաբաղի խանությունը, որն ամբողջ պատմության մեջ առաջին անգամ կարողացավ իշխանություն բանեցնել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի վրա։ Դրա հիմնադիրը թյուրքական սարըջալլու ցեղի ցեղապետ Փանահ խանն էր, որի նստավայրը սկզբում Շահբուլախ բնակավայրն էր (ներկայումս Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Տիգրանակերտը)։ Վարանդայի մելիքության կիսահայ-կիսաթյուրք Մելիք Շահնազար 2-րդի դավաճանության հետևանքով՝ Շուշին նվիրվեց Փանահ խանին և առաջին անգամ, 1752 թվականին, թյուրքը տիրապետեց Շուշիին։ Մինչ այդ, ԵՐԲԵՔ Շուշիում թուրք չի բնակվել։ Չնայած թյուրքական ենթակայությանը՝ Շուշիի բնակչությունը գերազանցապես եղել են հայերը։ Ավելին, 1755 թվականին, Փանահ խանը էլ ավելի շատացրեց հայ բնակչությունը՝ Ագուլիսից, Շահկերտից, Մեղրիից հայ բնակչության մի հատվածի, հիմնականում արհեստավորներ, բռնագաղթեցրեց և բնակեցրեց Ղարաբաղի խանության իր նոր կենտրոն Շուշիում։

1805 թվականից Ղարաբաղը ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, պարսկական տիրապետությունից անցավ Ռուսաստանին և նրա կազմում մնաց մինչև 1918 թվականը։ Այդ ողջ ժամանակաշրջանում Շուշիի բնակչության մոտ 60%-ը կազմել են հայերը, այն դեպքում, երբ Շուշի քաղաքում ապրում էին 12 ազգությունների ներկայացուցիչներ։ Կովկասյան թաթարները (ներկայիս ադրբեջանցիների թյուրքական նախնիները) թվով երկրորդն էին, իսկ ռուսները՝ 3-րդը։

1918-1920 թթ.-ին Շուշին Ղարաբաղի Ժողովրդական Կառավարության նստավայրն էր։ 1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ և հայկական մշակութային մայրաքաղաք համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ: Մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ, որոնց արժեքը մինչ այսօր դեռ չի գնահատված ֆինանսական տեսանկյունից։ Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգեցին և բռնի մահմեդականցրին հազարավոր հայ երեխաների, բանտարկեցին հազարավոր անմեղ մարդկանց, իսկ շատերը հեռացան այլ բնակավայրեր։ Շուշին հայաթափվելուց ու այրվելուց հետո՝ դարձավ գրեթե անբնակելի, անգամ այնտեղ մնացած կովկասյան թաթարների մեծ մասը չմնաց, քանի որ քաղաքի կյանքն ապահովում էին հայերը և հայերի տնտեսական-մշակութային կառույցները։

1923 թվականին, սովետական իշխանության որոշմամբ՝ Արցախի լեռնային մասը անցավ Ադրբեջանի ենթակայության տակ, որպես հայկական ինքնավար մարզ՝ ԼՂԻՄ անվանումով։ 1923 թ. նրա նոր մայրաքաղաք է հայտարարվել Ստեփանակերտը, իսկ Շուշին այլևս չի վերականգնվել։ 1923-ին Շուշիի բնակչությունը ընդամենը 6976 մարդ էր, իսկ 1925-ին՝ 5000: Ադրբեջանի ԽՍՀ գաղութարարները սկսեցին վարել Շուշիի թուրքացման քաղաքականություն 1925 թ. հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց որոշում «Շուշիի շրջանի թուրքացումը արագացնելու մասին»։ 1925 թ. հոկտեմբերին Բաքվի իշխանությունները որոշում ընդունեց Շուշիի գավառի զարգացման մասին, որի համաձայն շրջանի տարածքում, ԼՂԻՄ-ի համեմատությամբ, հարկերը կրկնակի իջեցվեցին, զարկ տրվեց գորգագործությանն ու ջուլհակագործությանը։ Արդեն 1926 թ. բյուջեով հայ բնակչության մեկ շնչին ծախսվում էր 4 ռուբլի 22 կոպեկ, իսկ թուրք բնակչության մեկ շնչին՝ 8 ռուբլի 23 կոպեկ։ Արդեն 1920-ականների վերջերին Բաքվում վստահ խոսում էին թուրքացված Շուշիի մասին։ 1960-ականների կեսերին, երբ իշխանության եկավ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, Ադրբեջանական իշխանություններն ընդունեցին որոշում՝ Շուշիի հայոց պատմական թաղամասի ավերակաները քանդելու և ադրբեջանական թյուրք վերաբնակիչների համար «անհրաժեշտ տարածք ապահովելու» մասին։ Հենց այդ տարիներին էլ սկսվեց Շուշիի պատմության մտածված խեղաթյուրումը և բնակավայրը որպես «Ադրբեջանի մարգարիտ» ներկայացնելը։ Տնտեսական «խեղդման» քաղաքականությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին հայաթափել նաև Շուշիի շրջանի հայկական գյուղերը՝ Քարինտակը, Հին Շենը, Մեծ Շենը, Մեծ ու Փոքր Խերխանները, Եղցահողը, Կանաչ թալան, Ճաղատասարը (Լիսագորը), Տասը վերստը և այլն։ Նրանց հաջողվեց լրիվությամբ հայաթափել հայկական Մեծ ու Փոքր Խերխանները, Խակ (Մինքենդ), Ալգուլի (Աշաղը Ֆարաջա) և Հարար գյուղերը։ Միաժամանակ Գորիս տանող ճանապարհի մոտակայքում հիմնվեցին թուրքական նոր գյուղեր, որոնց բնակրությունը 1989 թ. մարդահամարի համաձայն հետևյալն էր. Մամիշլար՝ 33, Ջամիլլար՝ 28, Միրզալար՝ 31, Լաչինլար՝ 24, Զամանփայասի՝ 12 մարդ։ 1980-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ Շուշիի շրջանին միացվեցին բռնի թուրքացված Մալըբեյլի, Վերին և Ստորին Ղուշչիլար (Ասկերան) գյուղերը։ 1988-ին Ղայբալու հայկական գյուղում ( որի հայ բնակչությունը՝ 700 մարդ սրի էր քաշվել 1919 թ, մայիսին) վերաբնակեցվեց թուրք-մեցխեթինցիներով։

1988 թվականի փետրվարից սկսած Արցախյան Շարժան ժամանակ, նույն թվականի սեպտեմբեր ամսին Շուշիից բռնությամբ վտարվեց հայ բնակչությունը։ 1992 թ.-ի մայիսին Շուշի քաղաքն ու ողջ շրջանը հայկական ինքնապաշտպանական ուժերի կողմից ազատագրվեց օկուպանտ Ադրբեջանից։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսված Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, նոյեմբերի 9-ի եռակողմ, հայերի համար ստորացուցիչ հայտարարության հիման վրա, ԼՂՀ ապագա մայրաքաղաք Շուշին կրկին հանձնվեց միացյալ թուրք-ադրբեջանական օկուպանտներին։

Ամփոփում.

1. Մինչև 1752 թվականը, Շուշին երբեք ոչ միայն չի եղել թյուրքերի տիրապետության տակ, այլ անգամ՝ ոչ մի թյուրք մինչ այդ չի ապրել Շուշիում։ Մինչ այդ Շուշին, որպես հայկական հողի վրա հայկական բնակավայր՝ պատմության մեջ հայտնի էր Քարի գլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ, Շոշի բերդ, Շոշի, Ղալա, Շոշի ղալա, Շուշու, Շուշի անուններով։

2. Շուշին թյուրքերի տիրապետության տակ առաջին անգամ անցնելուց հետո (1752թ.) մինչև մեր օրերը՝ թյուրքերի ենթակայության տակ եղել է 1752 թ-ից 1805 թվականներին, 1923 թ-ից մինչև 1992 թվականը (սա՝ հարաբերական, քանի որ Շուշի քաղաքն ու շրջանը 1923 թ-ից 1988 թվականը պատկանել են հայկական ինքնավար մարզին՝ ԼՂԻՄ-ին) և 2020 թվականի նոյեմբերի 9-ից՝ դեռևս առ այսօր։ Ընդհանուր հանրագումարով՝ թյուրքերի առաջին անգամ տիրապետելուց՝ 1752 թ-ից առ այսօր, վերջին 268 տարվա ընթացքում, Շուշին թյուրքերի տիրապետության տակ է եղել 122 տարի, որից առանց հայ բնակչության՝ 1988 թ-ի սեպտեմբերից մինչև 1992 թ-ի մայիսը և 2020 թ.-ի նոյեմբերից առ այսօր։ Փաստորեն, վերջին 268 տարվա ընթացքում Շուշին հայկական ու հայապատկան չէ այս պահի դրությամբ ընդամենը 3 տարի 11 ամիս ...

Ես համոզված եմ, որ Շուշին նորից վերադառնալու է իր տերերին՝ հայությանը։ Այլ տարբերակ ուղղակի չկա և ընդունելի չէ՛։

Հ.Գ. Սա պատասխան է այսօր Շուշի այցելած Իլհամ Ալիևին՝ ի գիտություն։ Հուսամ, որ հաջորդ այցի ցանկության դեպքում՝ նա Շուշի ոտք կդնի միայն որպես զբոսաշրջիկ»։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica