close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Իրավունք

15 Հունվարի 2021, 12:51
 Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ․Վ․-ն (Վահագն Վերմիշյան – Tert.am) իր մտերիմ Ն․Չ․-ի անվամբ հիմնադրել է ճարտարապետական  և նախագծային աշխատանքների կատարման ոլորտում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող առևտրային կազմակերպություն, մասնակցել դրա կառավարմանը, կազմակերպությանը արտոնություններ և առավելություններ տրամադրել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Այնուհետև, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է Ն.Չ.-ին աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեում, փաստացի ազատել նրան ծառայողական պարտականությունների կատարումից՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրա կողմից իր ապօրինի մասնակցությամբ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար և Ն․Չ․-ի կողմից փաստացի չաշխատելու պայմաններում պետության միջոցների հաշվին վերջինիս վճարել 1․478․483 ՀՀ դրամ աշխատավարձ:

Դրանից հետո, Վ․Վ․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործարքներ կնքել իր անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ, անձամբ վերահսկել է նախագծերի կազմման գործընթացը, հանձնարարել իրեն ենթակա պաշտոնատար անձանց մասնագիտական և այլ օգնություն ցուցաբերել փաստաթղթերի ապահովման գործընթացում, ինչի արդյունքում Վ․Վ․-ի անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ կնքվել են ավելի քան 27 մլն ՀՀ դրամի գործարքներ, որնց կատարման արդյունքում ստացված ֆինանսական միջոցները Վ․Վ.-ն և Ն․Չ․-ն տնօրինել են համատեղ։

Բացի այդ, Վ.Վ.-ն շինարարության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների տնօրեններ Գ.Գ․-ից և Վ․Պ.-ից՝ ՀՀ պատվավոր կոչում շնորհելուն, նշված անձանց պատկանող շինարարական կազմակերպություններին պետական և մասնավոր պատվերներով ապահովելուն նպաստելու համար 2019թ․հոկտեբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում որպես կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.379.950 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար և շուրջ 1․290․000 ՀՀ դրամ արժողությամբ շինարարական նյութեր և ապրանքներ։

2019թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում Վ․Վ․-ն փաստացի իր մտերիմ Ջ․Ֆ․-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքերի ճարտարապետահատակագծային առաջադրանքները Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առանց խոչընդոտների և սեղմ ժամկետներում տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով իր ղեկավարած պետական մարմնի աշխատակցին հանձնարարել է կազմել անհրաժեշտ էսքիզային նախագծերը՝ թաքցնելով տրված հանձնարարականի մասնավոր՝ անձնական շահեր հետապնդելու և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի գործառույթներից  չբխելու հանգամանքը: Ապա Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով փորձել է ձեռնպահ պահել կազմված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց՝ նպաստելով թույլտվությունը հնարավորինս սեղմ ժամկետներում տրամադրելուն՝ դրա դիմաց Ջ.Ֆ․-ից ստանալով խոշոր չափի՝ 952.000 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դրանից բացի, Վ.Վ.-ն Երևան քաղաքում բազմաբնակարան  շենքի կառուցման աշատանքներ նախաձեռնած Զ․Հ․-ից խաբեությամբ՝ հափշտակել է 1․193․575 ՀՀ դրամ գումարին համարժեք 2500 ԱՄՆ դոլար գումար։

Պարզվել է նաև, որ 2019թ. դեկտեմբերի 26-ին Վ․Վ-ն ընդունել է ինքնակամ կառույցն օրինականացնելուն, դրանով ծանրաբեռնված հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար իրեն խոշոր չափերով կաշառք տալու Ռ․Խ․-ի առաջարկը։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մաս 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2 կետերով` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

Կաշառք տալու, փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև դրա օժանդակության համար քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև այլ անձանց:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ հաստատվել է քրեական գործից անջատված մասով կազմված մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

Մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica