close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկսած 1951 թ-ից՝ Սոթքի հանքը լիարժեք օգտագործվել, շահագործվել և հետախուզվել է Հայաստանի կողմից․ նախկին տնօրեն

Հասարակություն

29 Դեկտեմբերի 2020, 20:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկսած 1951 թ-ից՝ Սոթքի հանքը լիարժեք օգտագործվել, շահագործվել և հետախուզվել է Հայաստանի կողմից․ նախկին տնօրեն

Սկսած 1951 թ-ից՝ հանքի երկրաբանահետախուզական սկզբնական աշխատանքները սկսելուց մինչև 2020 թ-ի նոյեմբերի 26-ը Սոթքի ոսկու հանքավայրը լիարժեք օգտագործվել, շահագործվել և հետախուզվել է Հայաստանի Հանրապետության կողմից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում փաստեց հանքի նախկին տնօրեն Կորյուն Հակոբյանը։

Նա 12 տարի աշխատել է ոսկու հանքում՝ լեռնային վարպետից մինչև տնօրեն, այլ բարձր պաշտոններ ևս զբաղեցրել է Վարդենիսի շրջանում և հանքի շուրջ տեղի ունեցածը նաև իր կյանքի դրվագներն են։

Կորյուն Հակոբյանը վստահեցրեց՝ Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հավակնություններ ունենալ Սոթքի հանքի նկատմամբ․ բացի այն, որ դա հայկական պատմական տարածքում է, որն անգամ Հերոդոտոսն ու Ստրաբոնն են նկարագրել, հայկական պատկանելության մասին վկայում է նաև հանքի ստեղծման վկայականը։

1950-ական թվականներին, ասաց նա, Բրեստի հերոս Սամվել Մաթևոսյանը, որը մասնագիտությամբ երկրաբան էր, հայտնաբերեց և, օգտագործելով իր կապերը, նաև Հայաստանի ԽՍՀ ղեկավարության օժանդակությամբ, սկսվեցին հանքավայրի որոնողագնահատողական աշխատանքները։

«1964 թ-ին, վերջնականորեն, Խորհրդային Միության մինիստրների խորհուրդը՝ Կոսիգինի ստորագրությամբ, նկատի ունենալով հանքավայրի դիրքը, Հայաստանին տնտեսապես և աշխարհագրորեն ավելի մոտիկ լինելը և նպատակահարմարությունը, հողը և լեռնահատկացումը կատարեց և ընդունեց որոշում, որ ստեղծվի Սոթքի  լեռնահարստացուցիչ կոմբինատ՝ այն ենթարկելով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։ 1964 թ-ի այդ որոշմամբ վերջնականապես խնդիրը փակվեց և հանքը, նաև երկրաբանահետախուզական և լրահետախուզական աշխատանքները, որը կատարում էր մեր՝ Սոթքի, արշավախումբը, երկու խոշոր ձեռնարկություն, երկուսն էլ ենթարկվեցին Հայաստանին»,-փաստեց Կորյուն Հակոբյանը։

Փաստորեն, երկու խոշոր ձեռնարկությունն էլ, որոնցից մեկը՝ շահագործման, մյուսը՝ հետախուզման և լրահետախուզման աշխատանքներ էին կատարում, լիարժեքորեն պատկանել են Հայաստանին միշտ։

Այդ փաստաթուղթը՝ որոշումը Կոսիգինի ստորագրությամբ, պահպանվում է, դա մեր երկրաբանական ֆոնդում է։

Հանքի հայկական պատկանելության ևս մեկ վկայություն է այն, որ Սոթքի ոսկու հանքի համախառն ներքին արդյունքը, որը մոտավորապես կազմում էր 18-22 մլն ռուբլի, մտնում էր Հայաստանի ԽՍՀ համախառն ներքին արդյունքի մեջ։ Ադրբեջանը որևէ կերպ չի օգտվել այդ հանքից և դրա ՀՆԱ-ից։

«Չէ՛, Ադրբեջանը չի օգտվել։ Եվ այսօր ինձ համար շատ զարմանալի է, որ ինչ-որ մի գումարտակ, ինչ-որ մի ադրբեջանցի մայորի գլխավորությամբ, GPS համակարգի ազդանշանները ընդունող ինչ-որ մի փոքր սարք ձեռքին՝ մտնում է Հայաստանի տարածք, սահմաններ է դնում, ջարդում-ավիրում է մեր կողմից դրած դարպասները, հանգիստ մտնում է մեր տարածք և մեր հանրապետության կողմից պետական որևէ մարմնի ներկայացուցիչ չի կարողանում կամ չի ցանկանում ընդդիմանալ և չի ասում՝ ընկե՛ր, ի՞նչ գործ ունես դու իմ տարածքում կամ ինչո՞ւ ես եկել։ Կամ ինչո՞ւ պետք է մենք այսօր ընկրկենք ինչ-որ մի GPS սարքի դեմ, որն ընդամենը կոորդինատ որոշող է, և մեր տարածքները զիջենք Ադրբեջանին»,-ասաց Կորյուն Հակոբյանը։

Խորհրդային տարիներին էլ Ադրբեջանը անընդհատ վիճաբանություններ սադրել է ոսկու հանքից մաս պոկելու համար, հանձնաժողովներ են եկել Մոսկվայից, բայց հայկական կողմն իր իրավունքները պնդել է, ապացուցել և ադրբեջանցիները համակերպվել են մտքի հետ, որ ոչ մի մաս չպետք է ունենան այդտեղ։

Հանքի տնօրեն եղած ժամանակ Կորյուն Հակոբյանը Սդրբեջանի Քելբաջարի շրջանի ներկայացուցիչներից պահանջել է՝ տալ դեմարկացիան, որ ինքը հասկանա՝ իրո՞ք այդ տարածքը նրանցն է, թե՞ ոչ ու համոզվել՝ չկա այդպիսի բան։

«Թե՛ մեր, թե՛ իրենց կողմից դեմարկացիոն գիծը որոշված չէ, մանրամասն նկարագրված չէ, ոչինչ չկար։ Ուղղակի կար մի 10 հազարանոց մասշտաբի քարտեզ, այդ քարտեզի վրա ինչ-որ գիծ էր դրված այդտեղ, իրենք ասացին՝ առաջնորդվում են այդ ջրբաժանով, բայց կոնկրետ որ լինի միջազգայնորեն ընդունված կարգով սահմանի մանրակրկիտ նկարագրություն, որը կոչվում է «դեմարկացիա», չկա նման բան»,-ասաց Կորյուն Հակոբյանը։

Ավելին, նա տեղեկացրեց, որ այդ ջրբաժան-գիծը, որի մասին խոսում են ադրբեջանցիները, սար է, որ հայկական կողմը, հանքը շահագործելիս, վաղուց քանդել է, արդյունահանել է հանքաքարը, բավականին խորացել բացահանքում։

«Ինձ համար անհասկանալի է՝ 2020 թ-ի նոյեմբերին, ի՞նչ է, ՀՀ բանակը մի գումարտակ չունե՞ր կամ մի մայոր չունե՞ր, որ հակադրվեինք։ Հիմա այդ մարդիկ եկել են, այդ գիծը դրել են, այդ նախկին ջրբաժանը, որը հիմա չկա, ասում են՝ սա մեր տարածքն է։ Փոքրիկ GPS սարքով 6,5 միլիարդ դոլարը իրենցն են դարձնում»,-վրդովված է հանքավայրի նախկին տնօրենը։

Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ ենք մենք կորցնում՝ զիջելով, Կորյուն Հակոբյանը ընդամենը նշեց, որ Սոթքի հանքի ներուժում գտնվող մոտ 300 տոննա ոսկուց բացման օրվանից արդյունահանել ենք ընդամենը 30-35 տոննա մաքուր ոսկին։

Ադրբեջանը, այս պահին դրված իր սահմանակետերով, պահանջում է հանքավայրի 70 տոկոսը, որը մոտ 6-6,5 միլիարդ դոլարի կորզվող արժեք է։

«Մեր հանրապետությունը միայն զուտ Սոթքի հանքավայրից բյուջեում ուներ եկամուտ 37 միլիարդի չափով, այսօր եթե ելնենք 70 տոկոսը՝ իրենց, 30 տոկոսը՝ մեզ խնդրից, մոտ 10-11 միլիարդ ընդամենը կունենանք բյուջե մուտք»,-պարզաբանեց նախկին տնօրենը։

Բայց սա միակ վտանգը չէ․ լուրջ վտանգ է նաև այն, որ մենք ոչ միայն տարածք ու հանք ենք տալիս ադրբեջանցիներին, այլ նաև բավականին լուրջ ռազմավարական դիրքեր ենք տալիս, որտեղից վերահսկվում է Հայաստանի ողջ այդ տարածքը։ Կորյուն Հակոբյանը համեմատեց՝ յաթաղանը ադրբեջանցիների ձեռքն ենք տալիս ու դնում մեր պարանոցի վրա, մնում է՝ քաշեն։

Հանքը սուս ու փուս ադրբեջանցիներին հանձնելու դեպքում, բացի երկրի տնտեսական ու պաշտպանունակության խնդիրներից, առաջանում է նաև վտանգ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հետ։

«Կա վտանգ այն առումով, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը մեզանից ստացել է հանքավայրը, օրենսդրությամբ սահմանված կարգով, նա միջազգային ներդրող է ու բավական լուրջ ներդրումներ է կատարել թե՛ հանքում, թե՛, առավել ևս, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում․ «Ալբիոն» համակարգի վրա նրանք ծախսել են մոտ 200 միլիոն դոլար։ Նպատակը՝ մեծացնել հանքաքարի արդյունահանումը և արագ կերպով շահագործել հանքավայրը։ Իսկ ներդրումները կատարեցին՝ ելնելով պաշարներից, բնական է։ Բայց եթե այսօր մենք ընդերքօգտագործման պայմանագրով, մեր լեռնահատկացման ակտով, հողօգտագործման պայմանագրերով այդ հանքավայրը տրամադրել ենք «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը, նրանք շատ հանգիստ այսօր սպասում են, եթե խնդիրը չլուծվի, կդիմեն միջազգային դատարաններ և իրենց կատարած ներդրումները և կորցրած շահույթը և իրենց հասցված վնասը մեր հանրապետությունից կվերցնեն»,-ասաց Կորյուն Հակոբյանը։

Բացի այս, նա մի շատ ավելի մեծ վտանգի մասին նշեց՝ ջրերի թունավորման վտանգի։ Դա պատրաստի հանքավայր է իր ամեն ինչով՝ բոլոր կոմունիկացիաներով՝ ճանապարհները կան, հանքավայրը բացված է, բավական մեծ ծավալի դատարկ ապարներ հեռացվել են հանքավայրից, հանքի երակները բացված են, իրենց մնում է մի էքսկավատոր բերեն, տրանսպորտը բերեն և հանքաքարը բարձեն, որևէ խնդիր չկա։

«Բնական է, հանքավայրը կշահագործեն և հանքաքարը Սոթքից այլ տեղ չեն տեղափոխելու՝ ինչքան ֆաբրիկան մոտիկ, այնքան ծախսերը քիչ, ենթադրվում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան կկառուցվի հենց Քարվաճառի շրջանում։ Ֆաբրիկան եթե եղավ, կլինեն նաև պոչհանքներ, իսկ ոսկին այսօր գրեթե բոլոր երկրներում հարստացվում, կորզվում է ցիանի միջոցով, կօգտագործվի նաև ցիան։ Իսկ պոչհանքերը թե՛ մեր ստորգետնյա ջրերով, թե՛ արտաքին ջրերով, թե՛ քամու ազդեցության տակ ցիանը կարող են հասցնել Թարթառ, Թարթառից Մարտակերտ և Մարտակերտը կդառնա անապատ, կդառնա անբնակ»,-զգուշացրեց Կորյուն Հակոբյանը։

Հաջորդը սոցիալական խնդիրն է․ 900 հոգի մարդ է աշխատում այսօր հանքավայրում, հանձնելուց հետո մնալու է ընդամենը 200 հոգի։ 700 հոգի մարդ, փաստորեն, Վարդենիսի շրջանից դառնալու է գործազուրկ։

Աննա Բալյան

Կորյուն Հակոբյանի այլ կարևոր շեշտադրումները՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica